10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ուղիղ ազդակ՝ չի կարելի ՀՀ-ի հետ խոսել շանտաժի և ուլտիմատումի լեզվով»

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել նախագահի ելույթին ՄԱԿ-ի ամբիոնից, ՏԻՄ ընտրություններին: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Սակայն նախքան նիստին քննարկված հարցերին անդրադառնալը նա շնորհավորեց Լևոն Արոնյանին երեկվա հաղթանակի կապակցությամբ, ինչը որակեց մեր ձեռքբերում, ապա Շարմազանովը հիշեցրեց, որ քիչ առաջ ԱՄՆ հերթական նահանգը՝ Միչիգանը, ճանաչեց Արցախի անկախությունը: «Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-ասաց Շարմազանովը:

Ապա անդրադառնալեվ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, մասնավորապես նախագահ Սարգսյանի ելույթին՝ ՀՀԿ խոսնակն ասաց. «Դա համահայական առաջնորդի ելույթ էր, որովհետև պարոն նախագահը, խոսելով արցախյան հարցի մասին, ներկայացրեց ոչ միայն ՀՀ դիրքորոշումը, այլև ցույց տվեց, որ դա այն մեսիջն է, որը ինքը բերել է Հայաստան-Սփյուռք համաժողովից, ու Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորումը ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլ նաև հայկական սփյուռքի միասնական պահանջն ու օրակարգն է: Արցախը չի կարող ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան այսօր, այսինքն՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Նախագահի ելույթի կարևոր ուղերձներից մեկն էր նաև ևս մեկ անգամ հստակեցնել, որ դա տարածքային վեճ չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության հարց է, որտեղ Հայաստանը սատարելու է արցախցիներին:

ԱԺ փոխնախագահը կարևորեց նախագահի ելույթի նաև հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հատվածը:

«Այս ելույթով ՀՀ-ն ուղիղ ազդակ է հղում ՄԱԿ-ի ամբիոնից, որ չի կարելի ՀՀ-ի հետ խոսել շանտաժի և ուլտիմատումի լեզվով»,-ելույթն այսպես որակեց Շարմազանովն ու ընդգծեց, որ ինչպես նախագահն է ասել, համահայկական հարցերը, ինչպիսին Արցախի միջազգային ճանաչումը, ժխտողականության դատապարտումն են, մի օրակարգ են, որտեղ մենք հետքայլ չենք կատարելու: «Նախագահը նշեց, որ մյուս տարի լրանալու է 1948 թ-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հռչակագրի 70-րդ տարեդարձը, և Հայաստանն այստեղ առաջարկներ է անելու և լինելու է ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկը»,-շեշտեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, ապա Է. Շարմազանովն ասաց, որ կուսակցությունն արդեն հստակեցրել է թեկնածուների հարցը, և բոլոր թեկնածուները, որ ներկայացվել են տարածքային կառույցներից, կուսակցության գործադիր մարմինն ընդունել է ի գիտություն: «Կարծում ենք, որ նոյեմբերի 5-ին ՀՀԿ-ն ունի շատ լավ շանսեր պահպանելու և ամրապնդելու իր դիրքերը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ