Թուրքիան շարունակում է միջամտել ԼՂ հարցում, և հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել. Շ. Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է միջամտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, ինչն էլ թույլ չի տալիս կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել։
Այս մասին ԱԳ փոխնախարարը ասել է՝ ի պատասխան «Արմենպրես»-ի խնդրանքի՝ մեկնաբանել Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ:
Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասել է. «Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:
Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»։
Հիշեցնենք, որ Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը միասնական են և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել միմյանց։
«Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել «օկուպացված» Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի «օկուպացիան»: Սակայն դրա համար պիտի լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք»,-հայտարարել է նա։