ԶԼՄ-ների ազատության հարցում Հայաստանի վիճակը բարվոք է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/img_0157_1384768696.jpg)
“Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-երի ազատության դիտարկում” ծրագրի շրջանակներում Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում անց է կացվել ուսումնասիրություն: Մամուլի ազատության կենտրոնի փորձագետ Միքայել Զորյանը ներկայացրեց 2-րդ փուլի արդյունքները:
“Այստեղ զուտ դրված է մամուլի ազատության խնդիր եւ հետազոտությունը որակին չի վերաբերում:
Ծրագրի նպատակն է` պաշտպանել խոսքի եւ արտահայտման ազատությունը ԱլԳ երկրներում` բարձրացվելով տեղեկացվածությունը տարածաշրջանում գործող ԶԼՄ-ների ազատության եւ լրագրողների իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին: Ծրագրի գաղափարն առաջարկվել է ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից, որը հիմնադրվել է 2009-ին, Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ”,-ասաց Զորյանը` նշելով, որ հետազոտությունը բաժանված է չորս խմբի` քաղաքականություն, պրակտիկա, հեռուստատեսություն եւ ռադիո, ինտերնետ` նոր մեդիա:
Ըստ հետազոտության արդյունքների` Հայաստանը, տեսականորեն ստեղծված տվյալների համաձայն, հայտնվել է առաջատար դիրքերում, սակայն սա դեռ տեսականորեն, գործնականում պատկերն այլ է, եւ այստեղ արդեն Հայաստանի դիրքերը ցածր են:
“Այստեղ կա երկու հստակ առաջատար` Մոլդովա եւ Վրաստան, Հայաստանը եւ Ուկրաինան միջին տեղերում են՝ 3-4, Ադրբեջանն ու Բելառուստ վերջին տեղերում են: Ինտերնետային ԶԼՄ-ների ազատության հարցում Հայաստանի վիճակը բավականին բարվոք է”,-ասաց Մ. Զորյանը: