Սահմանամերձ բնակավայրերին աջակցելու ծրագիրը հաստատվեց
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության նիստին ներկայացրեց սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թվականի ծրագիրը, որը հավանության արժանացավ:
«Որոշման նախագիծը բյուջեի հավելված է, որն, օրենքի համաձայն, պետք է ներկայացվի Ազգային ժողով: Սեպտեմբերի 17-ին կառավարությունն ընդունեց մեկ օրենք, որով օժանդակությունը, որը պետությունը ցուցաբերում է սահմանամերձ տարածքներին, երկարաձգվեց մինչև 2021 թվականը»,-ներկայացրեց նախարարը:
Այն շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն է ներառում, որը տրվում է 58 հազար բնակչի, որոնք սահմանամերձ 37 բնակավայրերում են տեղակայված։ Օժանդակությունը կլուծի գազի, ջրի, գույքահարկի, հողի հարկի, էլեկտրաէներեգիայի որոշակի չափաքանակների հետ կապված խնդիրը:
Դավիթ Լոքյանն ասաց, որ ծրագիրը վերաբերում է միայն պետության այս աջակցության բլոկին և փաստաթուղթը պետք է կցվի բյուջեին ու ուղարկվի Ազգային ժողով: Վարչապետը հարցրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին. «Պարո՛ն Արամյան, նայե՞լ եք, որովհետև մենք, որքան հիշում եմ, գազի ու կիլովատի սակագների մեջ կարգավորումը, որ արել ենք, բյուջեի վրա չի մնացել»: Վարդան Արամյանը պատասխանեց. «Սա այն հերթական ծրագրերից է, որն, ըստ օրենքի պահանջի, մենք պետք է ներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը»: