Վերջին մեկ շաբաթվա երկրաշարժերը
Ս.թ. սեպտեմբերի 21-ից մինչև 27-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 23-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 6-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝
- սեպտեմբերի 21-ին, ժամը 05:20-ին, M=0.4, Չարենցավան քաղաքից 4 կմ դեպի հարավ-արևմուտք,
- սեպտեմբերի 22-ին, ժամը 02:54-ին և 03:16-ին, M=0.3 և M=0.5, Ապարան քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք,
- սեպտեմբերի 23-ին, ժամը 14:47-ին, M=2.0, Վանաձոր քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
- սեպտեմբերի 26-ին, ժամը 03:36-ին, M=1.0, Վեդի քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևելք,
- սեպտեմբերի 27-ին, ժամը 23:10-ին, M=1.3, Շորժա գյուղից 3 կմ դեպի հարավ:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Սեպտեմբերի 21-ին 5 բալ ուժգնությամբ (3.8 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժը հարակից բնակավայրերում զգացվել է 3 բալ ուժգնությամբ: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցվել է հաջորդ զգացված երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Շաքի քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևելք, իսկ ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ (4.1 մագնիտուդ): Ստորգետնյա ցնցումները Շաքիում զգացվել են 3 բալ ուժգնությամբ: Սեպտեմբերի 24-ին Իրանի Խոյ քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ (2.4 մագնիտուդ): Նույն ուժգնությամբ (2.3-ից մինչև 2.5 մագնիտուդ) երեք երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի տարածքում: Սեպտեմբերի 25-ին գրանցված երկրաշարժերից առաջինի էպիկենտրոնը գտնվում էր Ալաշկերտ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք, երկրորդինը` Վան քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը` Հորասան քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Սեպտեմբերի 23-ին Մեքսիկայի հարավում գտնվող Օախակա նահանգում` Մատիաս Ռոմերո քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որը սեպտեմբեր ամսվա ընթացքում Մեքսիկայում գրանցված երրորդ ուժեղ երկրաշարժն է: Վերջինիս հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Մեքսիկայում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի հետևանքով մարդկային զոհերի թիվը հասել է 400-ի, հարյուրավոր մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ, անօթևան դարձել 250 հազարից ավելի բնակիչ, վնասվել կամ քանդվել է 150 հազարից ավելի շինություն: Սեպտեմբերի 26-ին Օվկիանիայում` Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 336 կմ դեպի հարավ-արևմուտք, գրանցվել է 6.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն, որի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: