Նախագահ, վարչապետ…կարևոր չպիտի լինի
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, «Հանրապետականը» մեկ միասնական թիմ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով քննարկումներին, թե ՀՀԿ-ում երկու թևի են բաժանվել՝ տարբեր դիրքորոշումներ ունենալով վարչապետի ընտրության հարցում:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն այն հիմնական քաղաքականությունը, որ վարում է, կուսակցության գաղափարախոսությունն է, իսկ կուսակցության նախագահն էլ Սերժ Սարգսյանն է: «Կադրային փոփոխություններ էլ անելիս հաշվի են առնվում, թե ով է կարողանում ավելի լավ իրականացնել կուսակցության՝ ժողովրդի զարգացմանը միտված ծրագիրը»:
Մեկ անգամ ևս ՀՀԿ-ականը պնդեց, որ ՀՀԿ-ում չեն քննարկել 2018 թվականի վարչապետի թեկնածուի հարցը: Հարցին, թե հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել, նա նշեց. «Ամեն ինչ հնարավոր է, ժամանակն ինքը ցույց կտա, գլխավորը պետությունն է, անձը չէ, իսկ մենք մեզ կարող ենք համարել զարգացած պետություն, եթե անձերից կախված չլինենք, եթե կարևոր չլինի, թե ով կլինի վարչապետ, ով՝ նախագահ»: