Քրեական գործ` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` 24.08.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Ըստ քրեական գործի նյութերի` 10.07.2017թ.-ին Վարդենիս քաղաքի բնակչուհի Ժ. Ժ.-ն վրաերթի է ենթարկվել ինքնությունը չպարզված անձի կողմից, ով, թողնելով պատահարի վայրը, դիմել է փախուստի: Վրաերթի հետևանքով Ժ. Ժ.-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Ժ. Ժ.-ին վրաերթի ենթարկելու դեպքի մասին նախ տեղեկացել են ոստիկանության Վարդենիսի բաժնում, որտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները Ժ. Ժ.-ի ընտանիքի անդամների հետ այցելել են դեպքի վայր և ուսումնասիրել տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Սակայն հետագայում վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու և իրենց կողմից սպասարկվող տարածքում հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու նպատակով ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները նյութեր են նախապատրաստել այն մասին, որ Ժ. Ժ.-ն մարմնական վնասվածքները ստացել է աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Այսպիսով, նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ի հայտ են եկել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: