Ո՛չ ժամանակն է ճիշտ ընտրված, ո՛չ էլ ձևը. Ռուստամյանը՝ «Ելքի» առաջարկից
«Լավ փաստարկներ է բերվել, որոնք մենք կարող ենք մեր ԵՏՄ գործընկերներին ներկայացնել, նույն Բելառուսի, Ղազախստանի մասով բերված փաստարկները, ովքեր տարօրինակ պահվածք են դրսևորել այս ընթացքում»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԵԼՔ խմբակցության առաջարկի քննարկմանն ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց, որ այս փաստարկներն անհրաժեշտ են ներկայացնել, որպեսզի ԵԱՏՄ-ում հասկանան, որ ԵԱՏՄ-ի փոխարեն ԵՄ հետ մեր համագործակցությունը շեշտակի մեծանում է: Ռուստամյանի կարծիքով, սակայն ճիշտ կլիներ, որ «Ելք»-ը տնտեսական հաշվեկշիռը բերելու հետ միասին բերեր նաև ռազմավարական հաշվեկշիռը, որը չկար:
Ռուստամյանի խոսքով` տնտեսությունը ՀՅԴ համար միջոց է, ուստի պետք է լուծել տնտեսական խնդիրները: «Մենք միշտ նշում ենք, որ պետք է զարգանանք չզիջելով: Շատ հեշտ է տնտեսությունը զարգացնել զիջելով, օրինակ՝ տուրք տալ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներին, ուստի պետք է հասկանալ` ինչը ինչի հետ ենք համեմատում»,- ըդնգծեց պատգամավորը: Ռուստամյանը սակայն կարծում է, որ գոյություն ունեցող վիճակը չպետք է մեզ պատանդի վիճակում պահի: «Պետք է կարողանանք այլընտրանքներ գտնել, բայց կատարել վերջնական որոշում, արդյոք նպատակահարմար է հիմա, կարծում եմ` ոչ ժամանակն է ճիշտ ընտրված, ոչ էլ ձևը»,- նկատեց նա: