27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդունել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության եւ ”Թեքնո վիժն” ընկերության նախագահ, “Հիտաչի” ընկերության նախկին գործադիր տնօրեն Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին:

“Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել եւ պարգեւատրել մեր ժամանակների ՏՏ ոլորտի ամենաակնառու ճարտարապետներից մեկին, ում ձեռքբերումներն այդ ոլորտում շրջադարձային եղան եւ ազդեցություն ունեցան մեր կյանքի բոլոր բնագավառների վրա: Մենք Հայաստանում մեծ նշանակություն ենք տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը. այսօր այն մեր ամենազարգացող ոլորտներից մեկն է”,-հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն է հայտնել, որ Ցուգիո Մակիմոտոյի այցը Հայաստան կխթանի Ճապոնիայի հետ մեր երկրի համագործակցությունը, միաժամանակ մեծ ոգեւորություն առաջացնելով ՏՏ ոլորտում աշխատող հայաստանցի մասնագետների մոտ, այդ թվում՝ բոլոր այն երիտասարդների, ովքեր մտածում են ապագայում զբաղվել հենց այդ տեխնոլոգիաներով:

Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն է հայտնել մրցանակի համար եւ մեծ պատիվ համարել Հայաստանի կողմից նման վերաբերմունքի արժանանալը:

“21-րդ դարում համաշխարհային մրցունակության մրցավազքում հաղթելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների դերը չափազանց կարեւոր եւ մեծ է: Մաղթում եմ, որպեսզի Հայաստանը եւ Ճապոնիան կարողանան համագործակցության եզրեր ստեղծել այդ ոլորտում”,-ասել է Ցուգիո Մակիմոտոն: Նա նշել է, որ մտադիր է նախատեսվածից ավելի մնալ Հայաստանում եւ մոտիկից ծանոթանալ մեր երկրին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը: Նամականիշերից մեկին պատկերված է ՀՀ Նախագահի մրցանակը, մյուսին՝ դափնեկրին տրվող հուշամեդալը, իսկ խորապատկերին պատկերված է սահմանների բացակայությունը խորհրդանշող երկրագունդը: Հիշյալ երկու նամականիշերից բացի կթողարկվի նաեւ փոստային բացիկ, որի վրա պատկերված կլինեն նախորդ երեք մրցանակակիրները:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Ցուգիո Մակիմոտոյի եւ տիկին Կումիկո Մակիմոտոյի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաեւ ընդունելություն:

Հարգելի՛ պարոն Մակիմոտո,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Այսօր ես հաճելի պարտականություն եմ կատարել` դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին հանձնել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը: Դոկտոր Մակիմոտոն Ճապոնիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության ամենաակնառու դեմքերից է: Նա հեռատես է այնքան, որ նրա պատկերացումներն ու առաջարկները միշտ էլ առաջ են անցել ժամանակից: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ականատես ենք եղել մարդկանց եւ նույնիսկ մասնագետների մոտեցումները հեղափոխող տարաբնույթ ապրանքների եւ հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Սմարթ քարտերը, Սմարթ հեռախոսները, էլեկտրոնային գրքերը եւ այլն: Դրանց ակունքներում նաեւ պարոն Մակիմոտոյի գաղափարներն են:

Այս մրցանակով Հայաստանի ժողովուրդը իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր առաջ են տանում մարդկային քաղաքակրթությունը եւ իրենք էլ դառնում են ժամանակի յուրօրինակ խորհրդանիշներ: Այս մրցանակով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ոչ միայն պարոն Մակիմոտոյին, այլեւ նրա հայրենիքին` Ճապոնիային, որտեղ ապրում են խիզախ ու աշխատասեր, իմաստուն ու տաղանդավոր մարդիկ: Մենք վկան եղանք Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի, եւ հատկապես այն փաստի, թե ինչպիսի տոկունությամբ է ժողովուրդը կանգնում բնության տարերքի դեմ եւ ինչպիսի կազմակերպվածությամբ ու համախմբվածությամբ է բուժում իր վերքերը: Բազում երկրաշարժեր տեսած մեր երկրի ու ժողովրդի համար դա իսկական դաս էր:

Ճապոնիայի տնտեսական եւ տեխնոլոգիական նվաճումները տպավորիչ են եւ ուսանելի ոչ միայն մեր, այլեւ աշխարհի համար: Այս մրցանակով մենք նաեւ ցանկանում ենք մեր երիտասարդների հատուկ ուշադրությունը հրավիրել հաջողված գործերի եւ հաջողակ մարդկանց վրա: Ցանկանում ենք նրանց տալ ճիշտ ուղենիշներ եւ օրինակներ: Համոզված ենք, որ երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, եւ Ճապոնիայի օրինակն էլ դրա վառ ապացույցն է:

Հարգարժա՛ն պարոն Մակիմոտո,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Համոզված եղեք, որ, Ձեր հայտնաբերած «Մակիմոտոյի ալիքը», եթե պատկերավոր արտահայտվենք, կտրել է ծովեր ու օվկիանոսներ եւ հասել է Հայաստան: Մեր երկրում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող բնագավառն է, եւ մենք լուրջ հույսեր ենք կապում այս հեռանկարային ճյուղի հետ: Ձեզ նման մարդկանց շնորհիվ այսօր աշխարհում բոլոր գործընթացները, այդ թվում` եւ քաղաքական, ձեռք են բերել նոր արագություններ: Այսօրվա երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե վաղը ինչ նոր մասնագիտություններ են ի հայտ գալու: Այս պայմաններում մեծանում է առանց բացառության բոլորի պատասխանատվությունը, որը մեզ առաջնորդում է քայլել ժամանակին համընթաց:

Հարգարժա՛ն դոկտոր Մակիմոտո,

Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին առողջություն եւ ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք այստեղ ուրախանալու ենք:

Շնորհակալ եմ, որ եկել եք Հայաստան: Շնորհակալ եմ նաեւ Ձեր այն աշխատանքի համար, որ այս 10-12 օրերի ընթացքում Դուք կատարելու եք Հայաստանում:

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ