04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տաքսու վարորդներին ընդունեց Գագիկ Բեգլարյանը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում նոյեմբերի 15-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների եւ տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:

Վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները ունեին երկու ուղղվածություն: Նրանց հիմնական մտահոգությունները կապված էին տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ:

Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ թվարկված խնդիրներից եւ ոչ մեկը որեւէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների եւ իրավասությունների հետ:

“Նախարարությունը իրավասու է քննարկել միայն այն խնդիրները, որոնց լուծումը վերապահված է իրեն: Առանց մեզ դիմելու բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություններ անել, թե Տրանսպորտի եւ կապի նախարարությունը մեղավոր է, ճիշտ չէ”,-նշեց նախարարը:

Այս տեսակետին համակարծիք էին հանդիպմանը ներկա տաքսու վարորդների գերակշռող մասը:

Խնդիրների երկրորդ խումբը, որոնք մտահոգում էին վարորդներին, առնչվում էր ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը:

“Բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաեւ միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաեւ էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության եւ այլն) համար վճարվող գումարները”,-նշեց նախարարը:

Գ.Բեգլարյանը միաժամանակ ընդգծեց, որ բարեփոխումներին զուգընթաց տաքսու վարորդները պետք է մտածեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին:

Վարորդները համակարծիք էին, որ մեկնարկած բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որոշակիորեն նվազել է ֆինանսական բեռը, հեշտացել է իրենց աշխատանքը: Նրանց մեծ մասը հանդիպման ընթացքում բարձրացնում էր առավելապես անձնական բնույթի խնդիրներ, որոնցից եւ ոչ մեկն անպատասխան չմնաց:

Այս քննարկումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ տաքսիստների բարձրացրած խնդիրների մեծամասնությունը ոչ միայն որեւէ առնչություն չունի նախարարության գործառույթների հետ, այլեւ  անիրազեկության արդյունք է:

Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, եւ նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը եւ կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը:

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության

լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ