Մտահոգության տեղիք են տալիս. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ հանձնարարական տվեց: «Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը»,-հիշեցրեց վարչապետը, ապա նշեց, որ կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելուն, անհրաժեշտ պայմանները ապահովելուն և այն արդյունավետ ձևով իրագործելու վրա:
«Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության տեղիք են տալիս»,-ասաց Կ. Կարապետյանը: Նա ՀՀ գյուղատնտեսության, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարեց, իսկ ԱՎԾ պետին առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում, անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին: «Մենք օգոստոս-օգոստոս համեմատության մեջ բոլոր ոլորտներում ունենք աճ բացի գյուղատնտեսությունից ու շինարարությունից, ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս , որ մենք կոմպեսացնում ենք հետ ընկնելը»,-ասաց Կ. Կարապետյանը: »Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ թվերը հասկանանք, շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»,-նշեց վարչապետը: