Հանդիպեցին ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը
Նոյեմբերի 17-ին ՕԵԿ գրասենյակում հանդիպել են ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՅԴ-ի առաջարկած յոթ կետերը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
‘Իրենց կողմից պաշտոնական առաջարկված յոթ հարցերն են քննարկվել’,-նշեց ՕԵԿ փոխնախագահը: Հարցին, երբ կլինի ՕԵԿ-ի պատասխանը, ՕԵԿ պատգամավորը պատասխանեց, որ նախ պետք է գումարվի քաղխորհրդի նիստ: ‘Մեր պատասխանը կլինի մեր քաղխորհդի նիստում ներկայացնելուց ու որոշում ընդունելուց հետո: Մոտակա օրերի ընթացքում կլինի’:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ը ևս քաղաքական քննարկումներ էր սկսել հետևյալ կետերի վերաբերյալ:
1. Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձեւավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ. բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի։
2. Մինչև 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով:
3. Իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու նպատակով` օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Մասնավորապես` Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը: Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը քվոտա ամրագրել:
4. Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ դարձնելով նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը և աղքատության վերացումը:
5.Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը և դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը:
6. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:
7. ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք: Ամրագրել, որ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը:
Ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել` մեկնելով ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը: