Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը․ ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ, պարո՛ն Բակո Սահակյան,
Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարո՛ն Արկադի Ղուկասյան,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այսօր մեծ տոն է, թերևս՝ հայության համար ամենամեծ տոնը:
Հայոց անկախ պետականության վերականգնումը իրականացումն էր մեր վաղեմի երազանքի: Նաև պսակն էր այն տևական ու հերոսական պայքարի, որ մղել էին հայորդիների բազում սերունդներ:
Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը: Այդ օրվանից անցել է 26 տարի, որ քիչ ժամանակ չէ:
Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը: Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները:
Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին: Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ: Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք:
Ավելին, պիտի փորձենք hետ բերել բաց թողածը: Պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և լավատեսությամբ:
Հոռետեսները երբեք որևէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար: Աշխարհի բոլոր մեծագործություններն արել են լավատեսները: Արել են նրանք, ովքեր հավատացել են մարդուն, հավատացել են իրենց երկրի ու ժողովրդի և ընդհանրապես մարդկության ապագային:
Լավատեսությունը իրականությունից կտրված լինելու և փուչ երազանքների մեջ չէ: Լավատեսությունն իրականությունը փոխելու վճռականության մասին է: Իրականությունն ավելի լավը դարձնելու ծրագրերի, նպատակների և իղձերի մասին է:
Այո՛, մենք ունենք ծրագրեր, նպատակներ և իղձեր, և դրանք կյանքի կոչելը ներկա սերնդի պատմական պարտավորությունն է: Չեմ կասկածում, որ մենք դա անելու ենք:
Ես լավատես եմ: Ես հավատում եմ մարդուն, հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ունակությանը, մեր երկրի և ողջ մարդկության ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային:
Այո՛, այսօր ողջ աշխարհում իսկապես մեծ է լարվածությունը, բազմաթիվ և լուրջ են մարտահրավերները գրեթե բոլորի, այդ թվում և՝ մեզ համար: Բայց խնդիրները լուծելու համար են, այլ ոչ թե՝ հուսահատության առիթ:
Մեր աչքի առաջ կրոններ են ծագել ու անհետացել, կայսրություններ են բարձրացել ու կործանվել, հին ազգեր են վերացել ու նոր ազգեր են ձևավորվել, բայց աշխարհը դրանից չի կործանվել, իսկ մենք էլ շարունակում ենք մեր ճանապարհը:
Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի օրը, մենք լավատեսորեն արձանագրում ենք հետևյալը.
Առաջին. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ հենվելով իր պատմական, մշակութային ու լայն առումով՝ քաղաքակրթական ժառանգության վրա, շարունակելով հավատարիմ մնալ ազատության և մարդասիրության գաղափարներին:
Երկրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ ունենալով բարեկամներ, դաշնակիցներ և գործընկերներ:
Երրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է աշխատել իր պաշտպանունակության և բարեկեցության բարձրացման ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ անկախությունը նախ և առաջ ի՛ր պատասխանատվությունն է:
Չորրորդ. Հայաստանի ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է օրինական և ժողովրդավարական ճանապարհով: Նա օրինապահ է ու ազատատենչ և չի հանդուրժելու որևէ իշխանություն, որ ինքը չի ձևավորել:
Այս չորս նախադրյալները կարևորագույն հիմք են վաղվա հաջողությունների:
Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր, որպես տեղեկատվական հասարակություն՝ զինված առաջադեմ տեխնոլոգիաներով: Աշխարհում այսօր տեղի ունեցող գիտատեխնիկական նոր հեղափոխությունը հայ ժողովրդի դաշնակիցն է: Մեր այդ հզոր դաշնակիցը փոխում է և դեռ փոխելու է գրեթե բոլոր պատկերացումները ռեսուրսների մասին, լինեն դրանք բնական, մարդկային, ֆինանսական և այլ: Նոր տեխնոլոգիաները մարդկանց և ժողովուրդներին հնարավորություն են տալիս համեստ ռեսուրսներով հասնել անհամեմատ մեծ արդյունքների: Սա ճակատագրի նվեր է համեստ ռեսուրսներով Հայաստանի համար, և մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական այս հնարավորությունը:
Այն հատվածներում, որտեղ դեռ պատրաստ չենք, պետք է կրթվենք, սովորենք և աճենք, շարժվենք առաջանցիկ տեմպերով: Մեր նպատակը հստակ է՝ տնտեսության և հասարակական կյանքի բոլոր ոլորտները պետք է քայլեն հաջողություն արձանագրած երկրների ճանապարհով:
Սակայն պետք չէ ակնկալել, որ տնտեսության զարգացումն ինքնըստինքյան լուծելու է մեր բոլոր հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհում կտրուկ մեծացել են միգրացիոն հոսքերը: Ես այս հարցին անդրադարձել եմ նաև օրերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ: Այդ հոսքերի պատճառները շատ են և բազմապիսի: Մենք իսկապես ցավագին ենք ընդունում բնակչության արտահոսքի փաստը և ճիշտ ենք անում:
Մեր պարագայում սա ազգային անվտանգության հարց է: Մենք խնդիր ենք դրել Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու, հասցնելու մինչև 4 միլիոնի: Լուրջ միջոցառումներ են նախատեսվում և՛ բնակչության բնական աճն ավելացնելու, և՛ ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անվտանգության հարցը թիվ մեկ հարցն է ցանկացած երկրի համար: Յուրաքանչյուրն այդ հարցը լուծում է՝ ելնելով իր պայմաններից և հատկապես ունակություններից: Անցած 26 տարիները միարժեքորեն ցույց են տվել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կենսունակ են և պաշտպանունակ: Ցույց են տվել, որ սին էին այն հեքիաթները, թե իբր շրջափակված Հայաստանը դատապարտված է ձախողման, իսկ նավթագազային Ադրբեջանն անպայման հասնելու է մեծ հաջողության: Ավելին, մեզ փորձում էին համոզել, թե իբր Ադրբեջանի տնտեսական հաջողությունները գրավական էին լինելու Արցախի և Հայաստանի ոչնչացման:
Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Իսկ իրականությունը ազատ և զարգացող, օր օրի ամրացող ու շենացող հայկական երկու պետություններն են:
Անվտանգության հարցերը մեր պարագայում կապված են մեր երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Այստեղ չկան մանրուքներ կամ երկրորդական հարցեր: Սա է մեր միասնական պատասխանը անվտանգության մեր բոլոր մարտահրավերներին: Նաև խորհրդանշական է, որ այս խոսքերը հնչում են այստեղ` Պաշտպանության նախարարության՝ մեր զինված ուժերին սազական այս վարչական համալիրում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց անկախ ու ժողովրդավար Հայաստանի օգտին: Նման քվեարկություն իրականացնում է այն քաղաքացին, ով լավատես է և վստահ իր ուժերին:
Համոզված եմ, որ մեր երկրի անկախության հաջորդ քսանվեց տարիներին մենք շարունակելու ենք առաջ շարժվել ավելի մեծ լավատեսությամբ և ինքնավստահությամբ:
Փա՜ռք Հայաստանի ժողովրդին:
Խոնարհո՜ւմ Հայաստանի ազատության համար զոհվածների հիշատակին:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը: