Ամենակարճ ճանապարհը անցնում է մշակույթի միջոցով. Հայոց աշխարհ
«Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը» Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների հետ կազմակերպել է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջպետական փառատոն՝ «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» խորագրով:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԻՑ, որը նաեւ այս փառատոնի կազմակերպիչներից է, հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված փառատոնի խորագրի ընտրությունը։
«Այս միջպետական փառատոնի խորագիրը քննարկելու ընթացքում մի քանի բաղադրիչ է հաշվի առնվել: Նախ այն, որ ՌԴ ՊՆ զինվորական նվագախումբն է կատարելու Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ներկայացնելով քաղաքացիական կոմպոզիտորի, ուստի զինվորականների՝ «Ծառայում եմ հայրենիքիս» կարգախոսն ավելի աշխարհիկ դարձրինք եւ ստացանք «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» խորագիրը, որը վերաբերում է ե՛ւ՛ զինվորականներին, ե՛ւ քաղաքաքացիական հասարակությանը, ե՛ւ՛հայ ու ռուս ժողովուրդների մշակույթին»,- նշեց նա:
Գագիկ Մանասյանի խոսքով՝ փառատոնի անցկացման համար ընտրվել են Վանաձոր, Գյումրի քաղաքները, իսկ փառատոնի փակումը կտրվի մայրաքաղաքում: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Վանաձոր եւ Գյումրի քաղաքների ընտրությունը, նա պատասխանեց. «Քաղաքներն ընտրվել են ըստ մեծության եւ քանի որ այս փառատոնն ամենամյա է, հաջորդ տարի փառատոնի անցկացման համար կընտրվեն այլ քաղաքներ: Սակայն այստեղ բացառություն է Գյումրի քաղաքը, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Ճիշտ չէր ընկալվի, որ ՌԴ պաշտպանության բանակի նվագախումբը կանգառ չունենար Գյումրիում»:
«Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրենը հավելեց նաեւ, որ այս եռօրյա փառատոնով հիմք է դրվում Առնո Բաբաջանյանի 100-ամյակի միջոցառումներին:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: