Վաշինգտոնը դրական է գնահատել՝ մրցակցությունը սուր է լինելու
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նախքան Կառավարության նիստի մեկնարկը հայտարարեց, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում ՛՛Հազարամյակների մարտահրավերների՛՛ շրջանակում իրականացված ծրագրի արդյունքները ու այն գնահատել է էֆեկտիվ:
՛՛Բոլոր նպատակները ի կատար են ածել և մենք ունենք հնարավորություն դիմելու ՛՛Հազարամյակների մարտահրավերների՛՛ ծրագրին: Դիմելու նախապայմանը այն ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին տարվա ընթացքում, և մենք պետք է ունենայինք դրական ցուցանիշներ: Հայաստանը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատական՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը: Նա շեշտեց, որ մեր հիմնական թույլ կողմը համարվում էին կոռուպցիոն ռիսկերը, այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր:
Միաժամանակ վարչապետը հայտնեց, որ ֆինանսական միջոցներ ստանալու հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև դիմող երկրների թիվը մեծ է: ՛՛Մրցակցությունը սուր է լինելու ֆինանսական միջոցներից օգտվելու համար: Բայց մենք պարտավոր ենք այդ միջոցներից օգտվել՛՛,-նկատեց նա: