Կոչ են անում պատգամավորներին մասնակցել արտահերթ նիստի
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ ընտրողներս, դիմում ենք Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորներին՝ նոյեմբերի 15-ին կայանալիք “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքով նախատեսված “պարտադիր բաղադրիչին” վերաբերող դրույթների գործողությունը հետաձգելուն եւ մատնանշված Օրենքին վերաբերող այլ հարցերի քննարկմանը նվիրված` ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով:
Անժխտելի է, որ Ազգային ժողովի յուրաքնչյուր պատգամավորի պարտքն է՝ պաշտպանել քաղաքացիների շահերը եւ կատարել իր ընտրողների պատգամը:
Ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 66-ի “Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով”:
“Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի “ա” կետով սահմանված է Ազգային ժողովի պատգամավորի պարտավորությունը՝ մասնակցելու Ազգային Ժողովի նիստերին, ինչպես նաեւ այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է:
Ուստի ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք առաջնորդվել միմիայն ՀՀ Սահմանադրությամբ, սեփական խղճով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացնելու պատասխանատվության գիտակցությամբ. կատարել ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ձեր, որպես ԱԺ պատգամավորի պարտականությունը եւ մասնակցել սույն դիմում-պահանջում նշված ԱԺ արտահերթ նիստին։
“Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների” նախաձեռնություն