Տես, թույլ չտաս, հաղթահարիր
Գիտցի՛ր, որդյա՛կ, որ կան ութ խորհուրդներ, որոնցով գործվում է ամենայն չարիք` որկրամոլությունը, անառակությունը, արծաթասիրությունը, բարկությունը, անժամանակ տրտմությունը, վհատությունը, փառասիրությունը, գոռոզությունը: Հենց դրանք էլ պատերազմ են մղում մարդու դեմ:
Իսկ դո՛ւ, որդյա՛կ, եթե ուզում ես հաղթահարել որկրամոլությունը, սիրի՛ր ժուժկալությունը, Աստծո երկյուղն ունեցի՛ր և կհաղթես:
Իսկ եթե կամենում ես հաղթահարել անառակությունը, սիրի՛ր հսկումն ու ծարավը, միշտ խորհի՛ր մահվան մասին և երբեք զրույցի մի՛ բռնվիր կնոջ հետ և կհաղթես:
Եթե ուզում ես հաղթահարել արծաթասիրությունը, սիրի՛ր անշահախնդրությունն ու չափավորությունը:
Եթե ուզում ես հաղթահարել զայրույթդ, հեզություն և մեծահոգություն ձեռք բերել, միշտ հիշի՛ր, թե հրեաները ինչքան չարություն արեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այդուհանդերձ Նա՝ որպես Մարդասեր Աստված, չէր բարկանում նրանց վրա, այլ ընդհակառակը, աղոթում էր նրանց համար՝ ասելով. Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում (Ղուկ. 23։ 34):
Եթե ուզում ես հաղթահարել անժամանակ վիշտը, երբեք մի՛ տրտմիր որևէ ժամանակավոր բանի համար, բայց եթե քեզ խոցում են խոսքով կամ անհանգստացնում են կամ անարգում, մի՛ տրտմիր, այլ բերկրի՛ր: Միայն այնժա՛մ տրտմիր, երբ մեղք գործես, սակայն այդ դեպքում էլ չափը պահպանիր, որպեսզի հուսահատության մեջ չընկնես ու չկործանվես:
Եթե կամենում ես հաղթահարել վհատությունը, զբաղվի՛ր թեկուզ և որևէ կարճատև ձեռագործով, ընթերցի՛ր կամ հաճա՛խ աղոթիր:
Եթե կամենում ես հաղթահարել փառասիրությունը, մի՛ սիրիր ո՛չ գովեստները, ո՛չ մեծարանքները, ո՛չ լավ հագուստները: Ընդհակառակը, ուրախացի՛ր, երբ քեզ այպանեն և անարգեն` սուտ վկայելով քո մասին, ինքդ քեզ կշտամբի՛ր, որ ամենայն մեղավորից մեղավոր ես:
Եթե ուզում ես հաղթահարել գոռոզությունը, ինչ էլ որ անում ես, մի՛ ասա, թե դա անում ես քո աշխատանքով կամ քո սեփական ուժերով: Պահք ես պահում, թե ժամանակդ հսկման մեջ ես անցկացնում, մերկ հողի վրա ես քնում, թե սաղմոսներ ես երգում կամ ծառայում կամ գլուխ ես խոնարհում ասա՛, որ այդ ամենն արվում է Աստծո օգնությամբ և Աստծո խնամակալությամբ, այլ ոչ թե քո կարողությամբ և ջանադրությամբ:
Աշխատի՛ր, որդյա՛կ, միշտ պարզասիրտ և անկեղծ լինել, չլինի թե սրտումդ մի բան պահես, իսկ շուրթերիդ վրա` մեկ այլ բան, որովհետև դա նենգություն է: Եղի՛ր ճշմարտասեր և անսուտ, որովհետև սուտը նենգադավից է: Չարին չարով մի՛ պատասխանիր, այլ եթե մեկը քո հանդեպ չարիք գործի, ների՛ր նրան, որպեսզի քեզ էլ Աստված ների:
Եթե հիշաչարությունը ստիպում է քեզ տապալել, այդ մասին աղոթի՛ր եղբորդ համար, և հիշաչարությունը կնահանջի: Տե՛ս, թույլ մի՛տուր, որ մեջդ բույն դնի նախանձի կիրքը, որպեսզի սատանան քեզ ողջ-ողջ կուլ չտա, այլ փութով խոստովանի՛ր և աղոթի՛ր Աստծուն, որպեսզի քեզ ազատի այդ վտանգից:
Երբ տեսնում ես, որ մեկը մեղք է գործում, մի՛ հրապարակիր նրա մեղքը, մի՛ դատիր նրան, ատելությամբ մի՛ լցվիր նրա հանդեպ, այլ ավելի լավ է ասա. «Ես նրանից վատն եմ, և նամեղք գործեց այսօր, իսկ լուսադեմին ե՛ս կգործեմ»․․․:
Սուրբ Եփրեմ Ասորի