Ստանում ենք պատվեր. պատգամավորն անկեղծացավ և պատմեց

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավո Լյովա Խաչատրյանը կողմ է քվեարկել ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությանը: ՛՛Ես գուշակ չեմ, բայց իր գործառույթները մեծ ծավալով կատարել և բավականին բացահայտումներ է արել, իսկ թե ինչու ընթացք չի տրվել դա արդեն ՎՊ-ի գործառույթը չի՛՛,-ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե տեսակետ հնչեց, որ Իշխան Զաքարյանը աշակերտի նման գնաց Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը և ճնշումներից հետո այլևս չի կրկնի նույն սխալը, բացահատումների մասին չի բարձրաձայնի, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. ՛՛Ամբողջ աշխարհն է աշակերտական դասարանի վերածվել՛՛։ Դիտարկմանը, թե միգուցե դուք էլ աշակերտի նման հանձնարարություն է ստացել Իշխան Զաքարյանի թեկնածությանը կողմ քվաերկելու համար, պատասխանեց. ՛՛Ոչ, ես ինքս էլ այդպես եմ կարծում, կողմ եմ քվեարկել, նման նախադեպ մենք չենք ունեցել, նման մեծ ծավալի բացահայտում և այն հնչեցրեց քաղաքական ամբինոից: Ի՞նչ ենք ուզում էտ մարդը ուրիշ գործառույթ չունի, ի՞նչ ենք պահանջում մենք իրանից։ Այո, մենք քննադատում ենք, որ կարելի էր ոչ թե այդ 700 մլնը գտնել, այլ 780 մլն-ը, բայց համեմատության մեջ պետք է նայենք չէ՛՛:
Լրագրողները խնդրեցին անդրադառնալ նաև նախօրեին մեծ արձագանք գտած տեսանյութին, որում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և դեռևս ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը պայմանավորվում են, որ Զոհրաբյանը ՛՛մի քանի սուր հարցեր կտա՛՛:
Խաչատրյանը նշեց, որ այդ տեսանյութում ինքն անձամբ որևէ բան չի տեսնում, որևէ պայմանավորվածություն: ՛՛Չե՞ք կարծում, որ լրատվությունը պարզապես ուղղորդվում է հիմնականում, և ցանկացած մարդու, եթե ցանկություն ունենան վարկաբեկելու, վարկաբեկում են. ում կենացը խման, ում կենացը չխման, և այլն և այլն, դա խաղեր են, որ ժողովրդի բերանը գցում են՝ ինչ-որ բանով զբաղվելու համար, թեթև տարեք… ես տեսանյութը նայել եմ, բան չեմ հասկացել էդտեղից՝ քննարկվում է ինչ-որ բան, թե … պայմանավորվելու ի՞նչ խնդիր կա՛՛,- զարմացավ նա: Խաչատրյանը նաև անկեղծ խոստովանություն արեց, որ ժամանակին պայմանավորվել է ինքը, երբ Դավիթ Լոքյանը գյուղնախարար էր, ու իրենք ամբողջ օրը միասին ՛՛տարածքներում էին՛՛:
ԲՀԿ անդամը նաև ամբիոնից է հայտարարել՝ իրենք պայմանավորվում էին, միմյանց հարց էին տալիս: Հարցին՝ հիմա ԲՀԿ-ն նման բաներ չի անում, Խաչատրյանը պատասխանեց, որ թեև տեղյակ չէ, սակայն ՛՛այդպիսի բան չի կարող լինել՛՛:
ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց՝ պատվեր կարող է ստանալ ցանկացած մարդ: ՛՛Տես՝ դուք լրագրողներ եք, եկաք Արարատ, ինքներդ հետաքննություն անցկացրեցի՞ք՝ ինչ ա կատարվում, չէ, դու մեզ հարցնում եք ինչ-որ բաներ, բայց երբ ձեզ պետք էր, պատվեր ստացաք օֆշորի մասին խոսալու, խոսեցիք, էդ օֆշորը բացահայտելն էր հե՞շտ, թե՞ Արարատի դեպքերը, կամ Երևանի քաղաքապետի դեպքերը՛՛,- հարցրեց նա:
Հետաքրքրվեցինք, թե քաղաքական գործիչները չե՞ն ստանում պատվեր, պատգամավորն անկեղծացավ. ՛՛Մենք էլ ենք ստանում, դուք էլ եք ստանում, բոլորս պատվերի մեջ ենք, և պատվիրատուները լավ էլ ծաղրում են բոլորիս՛՛: