Հայերը պիտի որոշեն, թե ինչն է լավ իրենց երկրի համար. Պ. Սվիտալսկի
ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հիմքեր ու պատճառներ չի տեսնում, որպեսզի աշնանը նախատեսված ԵՄ-ի հետ նախաստորագրված համաձայնագիրը չստորագրվի. այս մասին դեսպանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Ես չեմ տեսել ոչինչ, որի պատճառով այս համաձայնագրի ստորագրումը չկայանա, այն շատ կարևոր է ապագայի համար, Հայաստանը ազատ երկիր է, սա հայերի որոշելիքն է, իրենք պիտի որոշեն, թե ինչն է լավ իրենց երկրի համար, և քանի դեռ այս որոշումները թշնամական չեն Եվրամիության համար, ես կատարելապես ուրախ եմ դրանց կապակցությամբ: Ես ոչ մի բան չեմ տեսնում առ այն, որ Հայաստանը ոչ բարեկամական արել է Եվրամիության նկատմամբ նախորդ փուլում: Մենք չունենք տարաձայնության որևէ լուրջ կետ Հայաստանի և Եվրամիության միջև: Ես մասնակցել եմ բարձր մակարդակի մի քանի ահնդիպումների, միջոցառումների և կարող եմ ասել, որ դրանք անցան շատ կառուցողական ու շատ բարեկամական մթնոլորտում»,-հավելեց դեսպանը:
Վերջինս ընդգծեց՝ Հայաստանը ռազմավարական առումով միգուցե շատերի համար այդքան էլ գրավիչ չէ, ոչ նավթ ունի, ոչ գազ ունի, բայց ունի հարուստ մշակույթ, որը եվրոպական պատմության և ավանդույթների մի մասն է, տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են զարգացնել համատեղ գործունեությունը: