Երիտասարդները նորանոր պահանջներ են առաջադրում. Կարեն Ավագյան

Նոյեմբերյան այս շաբաթը երիտասարդական է: Այն մեկնարկել է Երիտասարդության համաշխարհային օրով եւ կամփոփվի Ուսանողների միջազգային տոնով: Տոները` տոներ (դրանց առթիվ այս ընթացքում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ), սակայն խոսենք խնդիրներից:
Վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել երիտասարդության ոլորտում: Թվարկեմ նպատակային ծրագրերից ընդամենը մի քանիսը, որոնք նաեւ սոցիալական ուղղվածություն ունեն` մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, աջակցություն երիտասարդ գիտնականներին, ուսանողական վարկեր, հազարավոր ուսանողների ուսման վարձերի փոխհատուցում: Հզորացել են նաեւ երիտասարդական դաշտն ու ուսանողական ինքնակառավարման մարմինները: Երիտասարդները դարձել են ավելի համախմբված, նրանց ձայնը լսելի է, նաեւ` թելադրող:
Արվածը շոշափելի է, երեւացող, սակայն երիտասարդները, էությամբ լինելով մաքսիմալիստ, պահանջատեր, մշտապես նորանոր պահանջներ են առաջադրում: Երիտասարդության նման կեցվածքը բնական է եւ ինչ-որ տեղ նաեւ՝ ցանկալի. որքան նա լինի ակտիվ, նպատակասլաց, պայքարող, այնքան կշահի ինքը` երիտասարդությունը, եւ խոշոր հաշվով՝ պետությունը:
Ցավալի է, սակայն, որ որոշ ուժեր, օգտվելով երիտասարդների իմպուլսիվությունից, խնդիրները բարձրացնելու բնական ակտիվությունից ու մաքսիմալիզմից, փորձում են նրան ծառայեցնել սեփական շահերին: Այդ գործընթացն ակնառու է, ուղղորդողներն էլ պարզ երեւում են: Մի′ փորձեք չարաշահել երիտասարդների անկեղծությունն ու ազնիվ ձգտումները, մի′ ուղղորդեք դրանք պետականության, եկեղեցու դեմ. այդ էներգիան պետք է ծախսվի հանուն երկրի զարգացման ու հզորացման։
Երիտասարդական շաբաթը ոչ միայն տոնական միջոցառումների շարք է, այլ նաեւ իրավիճակի վերլուծություն: Տաբեր խմբերի հետ հանդիպումների ընթացքում բարձրացվում են առկա խնդիրները, որոնք համախմբվում են հետագա լուծման նպատակով: