«Կան մարդիկ, որոնց անուններով մենք չպիտի փողոցներ անվանենք»
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է՝ մեր երկրում մշակութային կյանքը ընթանում է զարգացման իր հունով. հարկավոր է դրականը, լավը նկատել:
Անդրադառնալով Երևանի փողոցներից որոշները անվանափոխելու հարցին՝ բանախոսը շեշտեց՝ այսօր Երևանում կան փողոցներ, որոնց անուններն ընտրվել են թյուրիմացաբար: «Եթե ես չեմ սխալվում, այս պատմությունը հիմնականում սկսել է Լենինգրադյան փողոցի անվանումից, բայց ավելի վատ դեպքեր էլ կան: Ինձ, օրինակ, դուր չի գալիս Ֆրունզեի փողոցի անվանումը: Ամենահայատյաց մարդկանցից մեկն է եղել նա, բայց այսօր իր անունով փողոց կա: Ինձ վիրավորում է նաև այն փաստը, որ Աթարբեկավի անունով էլ փողոց ունենք: Այո՛, կան մարդիկ, որոնց անուններով մենք չպիտի փողոցներ անվանենք», – նշեց բանախոսը՝ շեշտելով, եթե հարկ է որոշ փողոցներ անվանափոխել, ապա դա կարելի է անել քննարկումների արդյունքում:
«Այս անվանափոխությունների հարցը միայն Երևանին չի վերաբերում. այն ամբողջ ՀՀ-ին է վերաբերում: Հարյուրավոր գյուղերի անուններ կան, որ լսում ես ու զարմանում՝ Ղազանչի, Մուսայելյան, Ծաղկաշատ, Ծաղկավետ, Ծաղկագյուղ…ինչ տարօրինակ, քնքշանվաղ անուններ ասես, դնում են: Թող ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի այս հարցով», եզրափակեց բանախոսը: