Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակության պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, ինչի արդյունքում կբարելավվի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը:
Չնայած դրան Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկում են ձեռնպահ մնալ այսպիսի օրենքի ընդունումից և տեղեկացրեց, որ գույքահարկի վճարից ազատված են պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողները: «Ինչո՞ւ է գործող օրենքում նախատեսված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց արտոնություն տալ, քանի որ այս դեպքում գնահատվում է, որ անձը չի կարող տնօրինել իր գույքը, անհրաժեշտության դեպքում ստանալ եկամուտ, և հետևաբար այն տրամաբանությունն է դրված, որ այդ ժամանակահատվածում ազատված լինի գույքահարկի պարտավորությունից, իսկ մնացած դեպքերում կստացվի ճիշտ հակառակը, կարող է վարձով տրամադրել գույքը, որի արդյունքում կարող է եկամուտ ստանալ»,-հիմնավորեց նա: