Վարչապետը պահանջում է շինարարության տեմպը չգցել
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ըստ եղանակային պայմանների շինարարական աշխատանքների կազմակերպմանը: «Տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը: Արդյունքում հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ չի տրամադրվում համապատասախան թույլտվություն»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 40-օրյա ժամկետում մշակել ու հաստատել շինարարական աշխատանքները՝ ըստ եղանակային պայմանենրի կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց ուսումնասիրել ու ու ըստ անհրաժեշտության ներկայացնել իրավական ակտի նախագիծ` շինարարական աշխատանքների կատարման ժամանակ ՏԻՄ-ների կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և գործնականում բացառապես եղանակային պայմաննրից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով: «Մենք հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ , որոնք ասում են` ձմեռը թույլտվություն չեն տրամադրում, գործը կուտակվում է ու, ընդհանրապես, մենք ունենք ստերիոտիպ, որ ձմեռը շինարարական աշխատանք անել չի կարելի, հյուսիսային երկրները ոնց են անում , էդ փորձը ուսումնասիրում եք, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,-նշեց Կարեն Կարապետյանը: