Կրկնակի ստուգում՝ ԱԱԾ-ով էլ. Հրապարակ
Վերջին շրջանում ահազանգեր ենք ստացել մի շարք քաղաքացիներից, ովքեր մեր ուշադրությունն են հրավիրում Վրաստանից Հայաստան ուղեւորվելիս սահմանային անցման ընթացքում ծագող որոշ անհարմարությունների վրա։ Նրանք հիմնականում նշում են, որ Վրաստանից Հայաստան գալիս՝ Բագրատաշենի անցակետում, քաղաքացիներն անձնագրային պարտադիր ստուգում են անցնում եւ ենթարկվում մաքսային զննության (մեքենաներն ու ուղեբեռը)՝ հատելով մաքսային սահմանը։ Որպես կանոն, մաքսային մարմնի աշխատողներն անպայման ստուգում են ավտոմեքենաների բեռնախցիկները, մաքսավորը ճշտող հարց է տալիս վարորդներին մաքսային ձեւակերպման ենթակա ապրանքների առկայության մասին։
Քաղաքացիները նշում են, որ այս ստուգումը թերեւս նորմալ կլիներ, եթե չլիներ հաջորդող ուղեփակոցի մոտ փաստացի «երկրորդ անցակետի» առկայությունը, որտեղ կրկնվում է նույն գործողությունը՝ անձնագրի ստուգումից (արդեն առանց ձեւակերպման) մինչեւ բեռնախցիկի ստուգում եւ մաքսավորի հարցում հայտարարագրման ենթակա ապրանքի մասին։ Ստուգումն իրականացվում է մեկ մաքսային ծառայողի եւ մեկ սահմանապահի կողմից։
Մարդիկ տարակուսած են կրկնակի ստուգումից, արդյոք կա որեւէ օրենսդրական կարգավորում, կրկնակի ստուգման օրենքի պահանջ է, թե ոչ։ Տրամաբանության ենթակա չէ նաեւ այն վարկածը, որ ստուգումն իրականացվում է ներքին վերահսկողության նկատառումներով, քանզի այս դեպքում այդ վերահսկողությունը ճիշտ վարչարարության պայմաններում պետք է իրականացվի քաղաքացիների համար ոչ նկատելի՝ նրանց համար հավելյալ պարտավորություններ չստեղծելով։ Ահազանգի վերաբերյալ հարցում էինք ուղարկել Պետեկամուտների կոմիտե, որտեղից պատասխանել են.
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ գրության մեջ նշված «երկրորդ անցակետը» գտնվում է սահմանային անցակետի ելքի մոտ, որտեղից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները բաց են թողնվում ՀՀ տարածք։ Այստեղ մաքսային ծառայողների կողմից իրականացվում է հսկողություն անցակետից դուրս եկող մաքսային ձեւակերպման ենթակա ապրանքների եւ դրանց համար պահանջվող փաստաթղթերի լրացված լինելու փաստի նկատմամբ։
Հետեւաբար, տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե «կրկնակի ստուգման», այլ պետական (մաքսային) սահմանի անցման կետում տեղակայված մաքսային հսկողության գոտու տարածքից ելքի ժամանակ իրականացվող մաքսային հսկողության հետ, ինչը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 3-րդ բաժնով։ Միաժամանակ տեղեկացնենք, որ անձնագրային հսկողություն մաքսային մարմինների կողմից չի իրականացվում, այն իրականացվում է ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից»։