Սիրուց զուրկ մարդկանց մասին
Դժբախտ և խղճալի է նա, ով հեռու է սիրուց: Նա իր օրերն անցկացնում է նիրհուն զառանցանքում: Եվ ո՞վ չի լա այն մարդու համար, ով հեռու է Աստծուց, զուրկ է լույսից և ապրում է խավարի մեջ: Ուստի ասում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ում մեջ Քրիստոսի սերը չկա, նա Քրիստոսի թշնամին է:
Ճշմարիտ է ասում Առաքյալը, թե ով ատում է եղբորը, մարդասպան է (Ա Հովհ. 3, 15), և խավարի մեջ է շրջում (Ա Հովհ. 2, 11) և հոժարակամ դառնում է ամենայն մեղքի որսը: Ում մեջ սեր չկա, նա շուտ է բորբոքվում, շուտ է զայրանում, շուտ է ատելությամբ լցվում: Ում մեջ սեր չկա, նա ուրախանում է ուրիշների մասին անիրավություն լսելով, չի կարեկցում անկյալին, ձեռք չի մեկնում ընկածին, խորհուրդ չի տալիս տապալվածին, չի սատարում տատանվողին:
Ում մեջ սեր չկա, նա մտքով կուրացած է, սատանայի ընկերն է, նա ամենայն նենգության գյուտարար է, նա վեճեր սկսող է, նա չարաբանների ընկերն է, զրպարտիչների զրուցակիցը, վիրավորողների խորհրդատուն, նախանձողների ուսուցիչը, գոռոզության սպասավորը, նա մեծամտության անոթ է: Մի խոսքով, ով սեր ձեռք չի բերել, նա հակառակորդի զենքն է, դեգերում է դես-դեն ընկնելով և չգիտե, որ խավարում է քայլում:
Սուրբ Եփրեմ Ասորի