Անդրիաս Ղուկասյանը պահանջում է հեռախոսային գաղտնալսումները ճանաչել անթույլատրելի
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին շարունակվող դատաքննության ժամանակ միջնորդել է ՝ անթույլատրելի ճանաչել գործում որպես ապացույց ներկայացված հեռախոսային գաղտնալսումները:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ղուկասյանը կրկին հիշեցրեց, որ ոստիկանությունն իրեն գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար 2016թ. հունիսին դիմել էր դատարան այն հիմքով, թե ունեն օպերատիվ տեղեկություններ, որ նա պատրաստվում է զանգվածային անկարգություններ սկսել սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։
«Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախզուական միջոցառում անցկացնելու մասին: Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ինչ–որ վարչություն օպերատիվ տեղեկություներ ստացվել այն մասին, որ Անդրիաս Ղուկասյանը սույն թվականի դեկտեմբերի 6–ին նախատեսված հանրաքվեին եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում ծրագրավորում է հայտարարված քաղաքացիական անհնազանդության գորոծողությունները վերածել զանգվածային անկարգությունների։ Այս հարցում վերջինիս օժանդակում է Պավել Մանուկյանը, Վիկտոր Դավթյանը եւ Գեւորգ Ղազարյանը։ Բայց ես նշված անձանց հետ անձնական շփումներ չեմ ունեցել, նրանց հեռախոսահամարը չեմ ունեցել, չեմ խոսել նրանց հետ: Բացի դրանից, հանրաքվեն տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի վեցին, այսինքն միջնորդությունը ներկայացնելուց 6 ամիս առաջ»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը:
Ղուկասյանը նշել է, որ ոստիկանությունն ապօրինություն է թույլ տվել եւ միջնորդել է այդ ապացույցներն անթույլատրելի ճանաչել: Մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկել է միջնորդությանը՝ նշելով, որ միջնորդությունը պետք է ներկայացվի գործում առկա նյութերը հետազոտելուց հետո միայն: Դատավորը համաձայնել է մեղադրողի հետ:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդություն է ներկայացրել գաղտնալսումները պահանջելու վերաբերյալ:
«Անդրիաս Ղուկասյանի հեռախոսահամարը գաղտնալսվել է, բերվել են ինչ-որ չափի ձայնագրությունների սղագրությունները, մինչդեռ մենք պահանջում ենք հեռախոսային խոսակցությունների ամբողջ գաղտնալսումը»,- ասաց պաշտպանը:
Դատարանն այդ միջնորդությունը բավարարել է ` նշելով, որ կպահանջեն այդ ժամանակահատվածի բոլոր խոսակցությունների գաղտնալսումները:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ղուկասյանը կալանքի տակ է: