«Աշխարհում կա՞ այնքան խելացի մարդ, որ ՀՀ-ից քաղաքական ապաստան է հայցում»
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանում քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, համաձայն որի՝ Հայաստանում քաղաքական ապաստան տալու լիազորությունը ՀՀ Նախագահից կտեղափոխվի լիազոր մարմին:
Բացի այդ, ըստ փոխնախարարի, քաղաքական ապաստան հայցողների դիմումները կքննվեն ոչ թե 10-օրյա ժամկետում, այլ՝ 30-օրյա, իսկ բողոքարկումները կիրականացվեն դատական կարգով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե տարեկան քանի մարդ է դիմում Հայաստան քաղաքական ապաստան ստանալու համար: Վ. Տերտերյանն ասաց, որ Հայաստանից քաղաքական ապաստան հայցողներ դեռևս չեն եղել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ հեգնեց. «Աշխարհում կա՞ այնքան խելացի մարդ, որ ՀՀ-ից քաղաքական ապաստան է հայցում: Նման նախադեպ չի եղել, նորմալ է ամեն ինչ»: