Մի գնդակով
«Սա ոչ թե նահանջ էր, այլ քաղաքական մանյովր, որովհետև Ադրբեջանը հասավ իր ուզածին: Կարողացան Բելոռուսից ստանալ այլ երկրի քաղաքացուն, ձերբակալեցին ու դատեցին: Համապատասխան դատական գործընթաց իրականացրեցին: Նրանց նպատակը չէր, որ տվյալ գործիչը ամբողջ պատժաչափը նստեր բանտում: Այստեղ կարևորը փիառն էր, որ ցույց տրվեր, որ առանց Ադրբեջանի թույլտվության սահմանը հատած մարդը կարող է խստորեն պատժվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։
Քաղտեխնոլոգը նկատում է, որ սա մեսիջ էր ուղղված այն գործիչներին, որոնք կփորձեն առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության հատել սահմանը.«Միևնույն ժամանակ Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը մարդասեր է ու ոչ թե բռնապետ: Ադրբեջանը սրանով իր մարդասիրությունը ցույց տվեց: Սա ամբողջովին պիառ էր, որի խնդիրը Ադրբեջանը ուներ:Հիմա ինչքանով այս փիառը հաջող կլինի՝ չեմ կարող ասել: Սոցիոլոգիական հետազոտությունները առաջիկայում ցույց կտան, բայց Ադրբեջանը կարողացավ լավացնել հարաբերությունները Իսրայելի հետ, որի քաղաքացին էր Լապշինը: Կարողացավ լավացնել հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ: Ադրբեջանը ցույց տվեց իր հզորությունը, ապա մարդասիրությունը: Այսինքն՝ մի գնդակով մի քանի նապաստակ խփեց»,-մեկնաբանեց Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»: