Էս ի՞նչ բան ա…գենդերը խառնեց բոլորին՝ քառօրյայի ՛՛թեժ՛՛ մեկնարկ /վիդեո/
Ազգային ժողովի քառօրյան այսօր շատ բուռն սկսվեց: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսեց ներկայացնել, թե որ հարցերն են ընդգրկվելու օրակարգում և պատգամավորների շրձանում բուռն արձագանք առաջացրեց ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի հեղինակած ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի նախագիծը՛՛: Հեղինե Բիշարյանը նշեց, որ մինչ այժմ միայն առաջարկ է եղել նախագծից հանել գենդեր բառը, դրա փոխարեն սեռ կամ այլ հոմանիշ բառ դնել, ու քանի որ այլ առաջարկություններ չեն եղել, հանձնաժողովն ու Կառավարությունը դեմ են եղել նախագծին: Բիշարյանի համար սակայն անհասականալի է այս մոտեցումը:
Ապա ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ ինքն ու իր գործընկեր Էլինար Վարդանյանն առաջարկել են գենդեր բառը ողջ տեքստում փոխարինել կանանց և տղամարդկանց իրավահավասարություն բառով, սակայն Կառավարությունը մերժել է: ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ վստահ է՝ Կառավարության և հանձնաժողովի կողմից մոտակա ժամանակներում կգտնեն ընդունելի, կոմպրոմիսային տարբերակ այս նախագծի համար:
Այս ամենին տեղից բուռն էր արձագանքում գեներալ Սեդրակ Սարոյանը, մյուս պատգամավորները ևս լուռ չէին: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուար Շարմազանովը միջամտեց՝ գործընկերներին խնդրելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց հանդեպ: ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ հարցը լայն հնչողություն ունի հասարակության համար, և կարևոր է այն մտայնությունը, որ իրենք փոխեն այս ձևակերպումը, և խնդրեց հացը ներառել օարկարգում: Սակայն ԲՀԿ –ական պատգամավոր Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, և Կառավարությունը պատրաստվում է բերել ավելի հստակ ձևակերպում, հստակ բնորոշում պարունակող նախագիծ, որ արտահայտելու է բոլոր շահագրգիռ կողմերի և աշխատանքային խմբի կարծիքը: Էլինար Վարդանյանը նաև հայտնեց, թե հանձնաժողովի նիստում Բիշարյանն ինքն է առաջարկել այս նախագծի դեմ քվերակել:
Շարմազանովը ստիպված էր կրկին միջամտել գործընկերների ելույթներին՝ հիշեցնելով, որ խոսքը վարման կարգի վերաբերյալ է: ՛՛Սա բովանդակային քննարկում չի, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ խոսել միայն վարման կարգի վերաբերյալ, ոչ թե օրենքի բովանդակության մասին՛՛,- ասաց նա՝ այդուհանդերձ խոսքը զիջելով Հեղինե Բիշարյանին: ՛՛Դուք տարբեր քաղաքական թիմերի ներկայացուցիչներ եք, ներկա են նաև լրատվամիջոցներ: Բիշարյանն ասել է՝ ձեր խղճով, ոնց ուզում եք, քվեարկեք, եթե ես ասեի՝ դեմ քվեարկեք, ապա ինչու՞ էի ներկայացնում այս առաջարկը, հենց հիմա մեր սեղանին դրված է այն, ի՞նչ հանձնաժողովի մասին է խոսքը, երբ մենք աշխատանքային խմբում աշխատել ենք մի քանի ամիս, մի տարուց ավել, և դուք որոշեցիք, որ լուրջ քննարկում եք ունեցել, և դեմ եք: Եթե Բիշարյանը ձեզ համար այդքան մեծ հեղինակություն է, կողմ քվեարկեիք, էս ի՞նչ բան ա . . .դուք ձեր կարծիքն եք ասել՛՛,- ասաց նա:
՛՛Ինձ համար զարմանալի էր, որ կառավարությունը փոփոխության նախագիծը հետ կանչեց, որտեղ ներկայացված էր գենդեր բառը փոխարինել մեկ այլ բառով, հանել 12-րդ կետը, ըստ որի քաղաքացին իրավունք ունի ընտրել իր սեռը: Մենք համարում ենք, որ կան հարյուր հազարավոր նամուսով ու թասիբով ավանդական հայեր ու դրա համար…՛՛,-միջամտեց Հովհաննես Մարգարյանը:
Իսկ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նետեց, թե այս կառավարությանն ինչ ներկայացվում է, նա ձախողում է: Նրան արձագանքեց Շարմազանովը. ՛՛Ընդդիմությունը շատ ավելի բաներ է ձախողում, քան Կառավարությունը: Կառավարությունը բոլոր ուժերի հետ շատ լավ աշխատում է՛՛,-ասաց նա:
Ի վերջո, 19 կողմ, 42 դեմ ձայներով նախագիծը չընգրկվեց օրակարգում:
Մանրամասները՝ տեսանյութում: