Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ․ ԵԼՔ
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։ Այն փոխանցել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈւ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
- Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵԱՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաև չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը,
- Փաստելով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի,
- Ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով առաջնային անհրաժեշտության և լայն սպառման շուրջ 900 անուն ապրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անխուսափելիորեն թանկանալու է,
- Մտահոգված լինելով, որ ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների, այդ թվում անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի, հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը,
- Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ համաձայնագրով երաշխավորված բազմաթիվ դրույթների խախտմամբ չի ապահովում աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների և ծառայությունների ազատ տեղաշարժը,
- Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներ։ Որպես հետևանք՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցելուց հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և ծավալներն ավելացել են, և ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում,
- Փաստելով ԵԱՏՄ անդամ երկրներում առկա ավտորիտար ավանդույթների շարունակական ներմուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգ, քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների աճը ԵԱՏՄ անդամակցությունից հետո և ծայրահեղ վտանգավոր ու անընդունելի համարելով այս գործընթացի հետագա շարունակությունը,
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայտարարում է՝
- Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի։
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈւ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈւՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ա Ն ԸՆԴՈւՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականից սկսած բանակցություններ էր վարում Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) հետ` Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ, որի անբաժանելի մաս է կազմում Խորը եւ համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը: Բանակցություններն ավարտվեցին 2013 թվականի հուլիսին, արդյունքում՝ պայմանագիրը պատրաստ էր նախաստորագրման համար: Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի հետ պետք է փոխադարձաբար չեղարկեր էր մաքսային դրույքաչափերը և ստանում լայն հնարավորություններ եվրոպական շուկա դուրս գալու համար: Սակայն, 2013 թվականի սեպտեմբերի 3֊ին Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր այցի ժամանակ անակնկալ կերպով հայտարարեց Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իր որոշման մասին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ (103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ) վավերացրեց 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը։ Շուրջ 3 տարվա ընթացքում այդ միությունն ապացուցեց իր անկենսունակությունը և հաստատեց այն փաստարկը, որ Հայաստանի անդամակցությունն այդ միությանը որևէ կերպ շահեկան չէ մեր պետության համար։
Հայաստանի Հանրապետության իշխանությունների` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հիմնավորումները բաժանվում էին երկու խմբի՝ տնտեսական առաջընթաց և երկրի անվտանգության ապահովում։
Մասնավորապես՝ նշվում էր, որ Հայաստանին մուտք է տրվում 170 մլն սպառող ունեցող ԵԱՏՄ շուկա (որտեղ մուտք վաղուց ենք ունեցել)` մի կողմ թողնելով եվրոպական 506 սպառող ունեցող շուկան։ Ընդ որում՝ հավաստիացվում էր, որ ԵԱՏՄ–ին անդամակցելով որևէ կերպ չեն խաթարվում ԵՄ հետ մեր տնտեսական կապերը։
Տնտեսական առումով
ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։
Արդեն մի քանի տարի ԵԱՏՄ ամենախոշոր անդամ-պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվում է Միացյալ Նահանգների և Եվրոպական պետությունների պատժամիջոցների ներքո։ Ռուսական տնտեսությունը վերջին մի քանի տարիներին բոլոր ցուցանիշներով շարունակաբար անկում է ապրում, իսկ ռուսական ռուբլին գրեթե կիսով չափ արժեզրկվել է։ Հայաստանից արտահանման առյուծի բաժինը հասնում է Ռուսաստանին, որտեղ գնողունակությունը նշված գործոնների արդյունքում խիստ ընկել է, ինչի պատճառով էլ մեծապես տուժում են հայաստանյան արտահանման ծավալները։ Արտահանման ծավալների կրճատման պատճառով տուժում են ինչպես գործարարները, այնպես էլ նրանց վարձու աշխատողները, ովքեր զրկվում են աշխատանքից, ինչպես նաև հումքի և այլ ապրանքների մատակարարները, այդ թվում՝ գյուղացիական տնտեսությունները։ Ընդ որում, Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս պետություններ արտահանվող ապրանքատեսակները մեծամասամբ սահմանափակվում են որոշ պարենամթերքներով ու ոգելից խմիչքներով (հիմնականում՝ կոնյակ)։ Փաստացի` ԵԱՏՄ անդամակցությունը մեծապես խոչընդոտում է Հայաստանից դեպի երրորդ երկրներ արտահանման աճին, քանի որ, նշվածի հետ մեկտեղ, այդ անդամակցությամբ մենք զրկվել ենք համաշխարհային տնտեսության այլ սուբյեկտների հետ ազատ առևտրի կամ այլ արտոնյալ առևտրային ռեժիմ հաստատելու հնարավորությունից և իրավունքից:
Մինչդեռ, Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԵՄ, ԱՊՀ երկրների, Ազատ առևտրի Եվրոպական ասոցիացիայի (որը ներառում է Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան ու Շվեյցարիան), ինչպես նաև Չինաստանի հետ, իսկ Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Կանադան ցածր մաքսատուրքեր են կիրառում Վրաստանի հետ առևտրում:
Ուկրաինան կնքել է 16 ազատ առևտրի համաձայնագրեր 45 երկրների հետ, այդ թվում նաև Կանադայի, առայժմ ԵՄ անդամ չհանդիսացող Բալկանյան մի շարք պետությունների հետ՝ ընդամենը 2017-ի առաջին կիսամյակում իր արտահանման ծավալները միայն ԵՄ շուկա հասցնելով 8.2 մլրդ ԱՄՆ դոլարի։
Միևնույն ժամանակ, Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման, Մեղրու ազատ առևտրի գոտին լիարժեքորեն գործարկելու համար մենք սպասում ենք ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ռեժիմի սահմանմանը: Մինչդեռ, գաղտնիք չէ, որ «Գազպրոմ» եւ «Ռոսնեֆտ» ռուսական պետական կորպորաացիաներին տրված բացառիկ իրավունքներն են միակ խոչընդոտը, որպեսզի Հայաստանն օգտագործի իր հնարավորություններն իրանական գազը դեպի Վրաստան տարանցում ապահովելու, իրանական, ինչպես նաև արաբական նավթամթերքների շուկայից օգտվելու համար:
Պետության տնտեսական զարգացման համար կարևոր սկզբունքներից մեկը տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան է տարբեր գործընկերների հետ։ Հայաստանի Հանրապետության պարագայում, մուտք գործելով ԵԱՏՄ, ճիշտ հակառակ արդյունքն ենք ստացել` վտանգելով Հայաստանի տնտեսական առաջխաղացումը։ Ասվածը չի ենթադրում խզել տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ, սակայն հնարավոր է համագործակցել առանց այդ կառույցին անդամակցության՝ ազատ առևտրի կամ այլ արտոնյալ պայմաններով տնտեսական բլոկի համաձայնագրեր կնքելու միջոցով։
Մյուս կողմից, ԵԱՏՄ կանոնակարգերը չեն պահպանվում միության խոշորագույն սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կողմից։
Մասնավորապես՝
- Հայաստանի քաղաքացիների դեպորտացիան սովորական երևույթ է Ռուսաստանում։ Ընդ որում, շատ հաճախ դա իրականացվում է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ընթացակարգային նորմերի կոպիտ խախտումներով, իսկ դեպորտացիայի որոշման բողոքարկումն անօգուտ է։ Վարչական 3 իրավախախտման դեպքում իրականացվում են Ռուսաստանի տարածքից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպորտացիաներ, իսկ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` Դաշնության սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին։
- Ռուսաստանից Հայաստան ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ։
- Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է և ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաև հայկական ոսկերչական հարգադրոշմների ճանաչմանը։
- ԵՄ-ից, Միացյալ Նահանգներից և Թուրքիայից դեպի Ռուսաստան` պարենամթերքների մի շարք տեսակների ներմուծման արգելքի պատճառով, ռուսական մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների կրկնակի ստուգումներ։
- Ընթացիկ տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում գործող օրենքի ուժով՝ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած բազմահազար քաղաքացիներ այլևս չեն կարողանում Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականով աշխատանքի անցնել Ռուսաստանում. նրանք պետք է ռուսալեզու վարորդական իրավունք ստանան, որպեսզի կարողանան աշխատել համապատասխան ոլորտներում։
Նշվածով` կոպիտ կերպով խախտվում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) սկզբունքները, Պայմանագրի 1-ին, 4-րդ, 28-րդ, 66-րդ, 67-րդ, 86-րդ, 87-րդ և այլ կետերը։ Հատկապես կարևոր է, որ չի պահպանվում ԵԱՏՄ տարածքում աշխատուժի, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքը։
Եթե չեն գործում Պայմանագրի հիմնաքարային դրույթները, ապա չի գործում Պայմանագիրն ինքնին։
Սոցիալական առումով
ԵԱՏՄ անդամակցության հետևանքով 900 անուն ապրանք թանկանալու է՝
- Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵԱՏՄ-ում այն դառնում է 8-12․5%,
- Շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից և Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%,
- Թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵԱՏՄ-ում կաճի մինչեւ 25%,
- Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում։
Թանկացումներն անխուսափելի են, պարզապես դրանք տեղի են ունենում աստիճանաբար։ Ավելին, թանկանում են նաև խիստ անհրաժեշտ, առաջնային սպառման ապրանքները։
Գյուղտեխնիկայի ներմուծման համար Հայաստանում գործող 0% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում 13% է, իսկ տրակտորների 75%-ը մինչ այժմ բերվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից։ Եթե բեռնատարները մինչև հիմա մաքսազրծվել են 0%-ով, ԵԱՏՄ-ում այդ թիվը կհասնի 19%-ի (2020-ից)։
Սերմացուն և պարարտանյութերը ևս հիմնականում այլ երկրներից ներմուծվում են 0%-ով, բայց ԵԱՏՄ-ում դրանք մաքսազերծվելու են համապատասխանաբար 5 և 8%-ով։
Իսկ պարենամթեքի արտահանումն արգելափակվել է դեպի ԵՄ և այլ երկրներ՝ կրկին ԵԱՏՄ անդամակցության պատճառով։
Այսպիսով, մեր գյուղատնտեսության համար ևս` ԵԱՏՄ անդամակցությունն ունենում է բացառապես բացասական հետևանքներ։
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության՝ 2017 թվականին առաջին 5 ամիսների դրությամբ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ ապրանքաշրջանառությունն անդամ երկրների միջև կազմել է 20.5 մլրդ ԱՄՆ դոլար, որը 28.2%-ով ավել է 2016 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, Հայաստանի մասնաբաժինը մյուս երկրների շարքում ամենաչնչինն է` ընդամենը 0.9%:
Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմում է 620 մլն ԱՄՆ դոլար: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս թիվը 21.3%-ով ավելի է 2016 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն այս առևտրաշրջանառության առյուծի բաժինը` 97.6% կամ ավելի քան 605 մլն ԱՄՆ դոլար Ռուսաստանի հետ կատարվող առևտուրն է:
Պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանից 2016 թվականին արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 50%-ով: Նույնիսկ եթե դա այդպես է, այստեղ էականն այն է, որ Հայաստանից արտահանման 95%-ը` 371 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, ուղարկվել է Ռուսաստան: Արտահանման ցուցանիշներն աճել են նաև դեպի Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, սակայն դա երկրի ընդհանուր արտահանման աճի վրա էական ազդեցություն չի ունեցել: ԵԱՏՄ այս 3 անդամների հետ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 14.8 մլն ԱՄՆ դոլար։ Այս երկրները չեն մտնում նույնիսկ Հայաստանի առևտրային գործընկերների 20-յակի մեջ: Կարևոր է նշել նաև, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ավելի շատ ներկրում է (2.4%), քան արտահանում (0.9%): Իսկ Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ շրջանակներում կազմում է երկրի ողջ արտաքին առևտրաշրջանառության ընդամենը 30%-ը:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան ընդհանուր ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 11 մլրդ դրամով կամ 87․2%-ով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ մոտ 13 մլրդ դրամով կամ 73%-ով:
Գլոբալ առումով՝ ԵԱՏՄ երկրները հիմնականում արտահանում են հանքահումքային և վառելիքաէներգետիկ ապրանքներ (արտահանման 60.6%) և ներմուծում պատրաստի տեխնոլոգիական արտադրանք (43.3%), ինչը փաստում է Միության արդյունաբերական պոտենցիալի ցածր և անմրցունակ մակարդակի մասին: Իսկ Պայմանագրի համաձայն՝ Միության անդամ-երկրները չեն կարող առանձին առևտրային պայմանագրեր կնքել այլ երկրների հետ: Սա մեր տնտեսությանը մեծապես հարվածող դրույթ է, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ-ի հետ, իսկ իր հիմնական առևտրային գործընկերների հետ կապվում է Վրաստանի միջոցով: Հայաստանն ինքնուրույն չի կարողանում ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրեր կնքել Վրաստանի կամ Իրանի հետ` առևտրատնտեսական հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Հարկ է` առանձնահատուկ անդրադառնալ նաև գազի գնին. 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բնական գազի գինը նվազել է՝ բնակիչ-բաժանորդների համար դառնալով` 1 խմ-ը 139 ՀՀ դրամ, սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ 100 դրամ, վերամշակող տնտեսությունների ու ջերմոցների համար 1000 խմ-ը՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մյուս ձեռնարկությունների համար՝ 242 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշվում է, որ գազն էժանացել է շնորհիվ ԵԱՏՄ մեր անդամակցության, մինչդեռ նույն ԵԱՏՄ անդամ Բելառուսում նույն ռուսական գազն արժե միջինում 6 անգամ ավելի էժան, իսկ Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինան, որն ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, այլ երկրից գազ ձեռքբերելու այլընտրանք չունի, վճարում է գրեթե նույնչափ, որքան Հայաստանը։
Ռազմաքաղաքական առումով
ԵԱՏՄ անդամ-պետությունները որևէ օգնություն չեն ցուցաբերել և այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայասատանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներով։ Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի զինվածության հարաբերակցությունը 1։20 է։ Որպես հետևանք՝ ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում.
Քանի դեռ Միացյալ Նահանգները և Արևմտյան Եվրոպայի պետությունները հրաժարվում են զենք վաճառել Ադրբեջանին, ԵԱՏՄ անդամ պետությունները դա անում են մեծ եռանդով։ Մասնավորապես՝ Ռուսաստանն ու Բելառուսը զինում են Ադրբեջանին, իսկ Ղազախստանը բացահայտ սատարում է ադրբեջանական կողմին ընդդեմ Հայաստանի. Նուրսուլթան Նազարբաևն ամեն անգամ ինչ-որ պատրվակ է գտնում Հայաստան չայցելելու համար։ Քառօրյա պատերազմի ժամանակ Բելառուսը հանդես եկավ Ադրբեջանին սատարող հայտարարությամբ։
ԵԱՏՄ անդամ որևէ երկիր, որոնք նաեւ ՀԱՊԿ անդամ են, չդատապարտեց Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը ո՛չ Արցախի, ո՛չ էլ հայկական գյուղերը ռմբակոծելու փաստի առթիվ՝ այն դեպքում, երբ նրանք, ըստ ՀԱՊԿ պայմանագրի, պարտավոր էին ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Համեմատության համար` անհնար է անգամ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր զենք վաճառի ՆԱՏՕ-ի այլ անդամ-պետության թշնամուն։
Մյուս կողմից՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման այս անորոշ ժամանակաշրջանում Հայաստանը, լինելով Ռուսաստանի հետ նույն միության անդամ, անուղղակիորեն խնդիրներ է ունենում նաև ամերիկյան կողմի հետ։ Սրա հետևանքները մեզ նման փոքր երկրի համար կարող են խիստ բացասական լինել։
Այլընտրանքը
Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա լիարժեքորեն ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցված և կիսատ մնացած Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը։ Այն հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման համար պատուհան կբացի դեպի եվրոպական շուկա և կտա բազմաթիվ այլ առավելություններ։ Ընդ որում, արդեն անհերքելի է, որ ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն անհամեմատ ավելի լիբերալ են ու արդարացի։
Մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև ապրանքների և ծառայությունների արտահանման մաքսատուրքերի զրոյացում և ընթացակարգերի պարզեցում։ Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ մի քանի տարի անց Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2․3%-ով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ 146 մլն ԱՄՆ դոլարով, արտահանման ծավալները՝ 15%-ով։ Աշխատավարձերը 2․7%-ով կաճեին, բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակը կավելանար 7%-ով, իսկ աղքատությունն էականորեն կկրճատվեր։ Միաժամանակ, Եվրոպական Միությունն առաջարկում էր 4 մլրդ 865 մլն եվրո անհատույց դրամաշնորհ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, ինչպես նաև 500 մլն եվրո՝ կենսական ճանապարհների վերանորոգմանը, 650 մլն եվրո՝ Հյուսիս-հարավ մայրուղուն, 1․8 մլրդ եվրո ջրագծերի նորոգմանը, 340 մլն՝ ամբարտակների վերակառուցմանը, 500 մլն՝ ոռոգման համակարգերին և 460 մլն եվրո դպրոցների վերանորոգմանը։
Միաժամանակ, Հայաստանը պահպանում էր արտաքին տնտեսական քաղաքականության ազատությունը՝ ունենալով ինքնուրույն առևտրային հարաբերություններ, մինչդեռ, այժմ բացառվում է որևէ այլ երկրի հետ ուղղակիորեն Հայաստանի կողմից առևտրային համաձայնագրերի կնքումը։
ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագիր կնքած Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան տարեկան առնվազն 5-8% աճ են գրանցելու, Հայաստանը՝ լավագույն դեպքում 2%։
Ընդ որում, ԵՄ և ԵԱՏՄ շուկաների ծավալներն ընդհանրապես համեմատելի չեն. եթե ԵԱՏՄ շուկան համաշխարհային առևտրի ընդամենը 0․5%-ն է կազմում, ապա ԵՄ շուկան դրան գերազանցում է 40 անգամ՝ կազմելով համաշխարհային շուկայի 20%-ը։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ է ընդգծել, որ ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալ֊տնտեսական բնագավառում հայտնվեց շատ ավելի անբարենպաստ պայմաններում, քան մինչ այդ։ Ավելին՝ բաց թողնվեց տնտեսության համար նպաստավոր պայմանների ստեղծման բացառիկ հնարավորությունը, անդամակցությունն անգամ նվազագույն երաշխիքներ չտրամադրեց մեր քաղաքացիների մի շարք կարևորագույն սոցիալական իրավունքների ապահովման գործում։ Երկրի ռազմական անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալու փոխարեն՝ Ապրիլյան պատերազմը ցայտուն կերպով ընդգծեց ԵԱՏՄ մեր գործընկերների կողմից իրականացվող ոչ հայանպաստ քաղաքականությունը։
Համադրելով բոլոր առկա ցուցանիշները՝ ակնհայտ է դառնում, որ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգության առումներով Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելը զգալիորեն վնասաբեր է եղել մեր պետության համար՝ չեզոքացնելով նախկինում հօգուտ ԵԱՏՄ անդամակցության բերված գրեթե բոլոր փաստարկները:
Նախագծի ընդունման նպատակն է՝ արտահայտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական կամքը՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության մասով դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։