Ով եմ ես, Տեր իմ, որ այդչափ սիրեցիր ինձ
«ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ Է, ԵՐԲ ՎՇՏԻ ԵՍ ՀԱՆԴԻՊՈՒՄ, ԵՎ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ Է ՔԵԶ ՎՐԱ ՀԱՍՆՈՒՄ, ԴՈՒ ՉԵՍ ՏՐՏՄՈՒՄ, ԱՅԼ ԳՈՀԱՆՈՒՄ ԱՍՏԾՈՒՑ․․․»
Խոնարհություն է, երբ մարդիկ քեզ փառաբանում են ու պարգևներ տալիս, սակայն դու քո անձի արժանիքներին չես վերագրում, այլ Աստծուն ես փառաբանում, Աստծուց գոհանում և ասում, թե՝ այն Քո ողորմությունից է ու ոչ ըստ իմ արժանիքների, ինչպես ասում է Սողոմոնը. «Որչափ մեծության էլ հասնես, քեզ խոնարհ պահիր և շնորհ և ողորմություն կգտնես Աստծո առջև»:
Խոնարհություն է, երբ վշտի ես հանդիպում, և նեղություն է քեզ վրա հասնում, դու չես տրտմում, այլ գոհանում Աստծուց. «Ըստ իմ մեղքերի ես ոչ միայն այսչափ, այլև բազում պատիժների եմ արժանի, և օրհնյալ է Աստված, որ այս անցավոր կյանքում ու մահկանացու մարմնի մեջ ինձ վշտի արժանացրեց», ինչպես ասում է առաքյալը. «Հոժար եմ նեղությունների, վշտերի, չարչարանքների, որովհետև երբ տկարանում եմ, այդժամ զորանում եմ»:
Խոնարհություն է, երբ օրը խաղաղությամբ է անցնում, հասնում ես երեկոյին և գոհանում Աստծուց, թե՝ «Մարդկանցից և կենդանիներից շատերն իսկ անհանգիստ և կարոտ են, իսկ ինձ, որ անարժան եմ, հաց և կերակուր տվեցիր ու օրս խաղաղությամբ անցկացրեցիր, այդ Քո ողորմությունից է և ոչ ըստ իմ արժանիքների», որի մասին մարգարեն ասում էր. «Ով եմ ես, Տեր իմ, Տեր, և իմ ազգականի տունն ինչ է, որ այդչափ սիրեցիր ինձ»:
Խոնարհություն է, երբ կամենում ես առաքինություններ գործել, սկսելու և ավարտելու համար քեզ բավարար չես համարում, այլ Աստծուց ես առաքինություն ու օգնականություն խնդրում, թե՝ «Օգնիր իմ տկարությանը, որ կարողանամ կատարել Քո կամքը», ինչպես և Տերն է ասում. «Ով հաստատված է Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ, նա շատ
պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ անել չեք կարող»:
ԱՆԱՆԻԱ ՎԱՐԴԱՊԵՏ ՆԱՐԵԿԱՑԻՆ ստեղծագործել է 10-րդ դարում և եղել է Սբ․ Գրիգոր Վարդապետ Նարեկացու հոգևոր ուսուցիչն ու մոր հորեղբոր որդին
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից