Քրեական դատավարության օրենքսգիրքը գցել եք ոտքի տակ ու տրորում եք.փաստաբանը՝ դատավորին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը այսօր բավականին թեժ մեկնարկեց:
Փաստաբանները արդեն 30 րոպեյից ավելի է, որ թեժ վիճաբանում են նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ: Փաստաբանները պահանջում են դադարեցնել իրենց նկատմամբ ակնհայտ հալածանքները և ապահովել նորմալ դատավարական ընթացք:
«Քրեական դատավարության օրենքսգիրքը գցել եք ոտքի տակ ու տրորում եք»,-դատավորին դիմեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Դատավորը շարունակ ընդգծում էր, որ այսօրվա նիստում դատարանը քննում է դատախազների ինքնաբացարկի միջնորդությունը և փաստաբանները պետք է կարծիք հայտնեն:
Փաստաբանները շարունակում են պահանջել, որ դահլիճ բերվեն իրենց պաշտպանյալները, սակայն դատավորը անդրդվելի է:
«Եթե դատարանը իր առաջ նպատակ է դրել 7 տարի դատական նիստ անել, մենք չենք պատրաստվում այդ խաղի մեջ մտնել: Հարգելի դատարան ես հրաժարվում եմ Ձեր ապօրինություններին մասնակցելուց և ինքնակամ լքում եմ դատական նիստերի դահլիճը»,-ասաց Լուսինե Սահակյանը և դահլիճի ծափերի ներքո հեռացավ:
Համարժեք հայտարարություններ անելուց հետո դահլիճից հեռացան նաև Հրանտ Գևորգյանը և Արայիկ Պապիկյանը:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Հրանտ Գևորգյանի և Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցի կիրառելու որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։