Զարուհին պաշտպանեց անչափահասին /վիդեո/լրացված/
Ազատության հրապարակում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի երթի մեկնարկին 16-ամյա մի երիտասարդ քաղաքական եւ պետական գործիչներին անվանարկող եւ վիրավորող պաստառ էր վերցրել ձեռքին: Այնտեղ պատկերված էին նախագահ Սերժ Սարգսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկարները:
Այս պաստառն այնքան դուր չեկավ ոստիկաններին, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ տղային ու խնդրեց իր հետ անցնել` ցանկանալով նրան բերման ենթարկել: Ներկաները սկսեցին գոռգոռալ, բոլորն, այդ թվում ԱԺ “Ժառանգության” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երիտասարդին մոտեցան: Փոստանջյանը բռնեց տղայի ձեռքերից` թույլ չտալով, որ ոստիկանները տանեն: Վերջիներս էլ պաստառը վերցրին ու պատռեցին:
“Պարոն Օսիպյան, հետ տվեք մեր պաստառը”,-ասաց Փոստանջյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն, ով երթի կազմակերպիչներից էր, պահանջեց բացատրել, թե ինչու վերցրին պաստառը, քանի որ ըստ օրենքի նման բան արգելված չէ: ”Ոչ մեկ բարոյական իրավունք չունի նման պաստառ..”,-ասաց Օսիպյանը, սակայն հավաքվածների բղավոցները չթողեցին նրան այլևս շարունակել:
Մանրամասները` տեսանյութում: