Ինչ է ցույց տալու Վլադիմիր Պուտինը

”Ուղղակի կապ կա այդ բոլոր իրադարձությունների, ինչպես նաև վերջին մի քանի ամսվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ դինամիկայի հետ կապված: Հասկանալի է նաև, թե ինչու է դա տեղի ունենում հիմա, ինչու ավելի շուտ տեղի չունեցավ, որովետև Հայաստանն ու Ռուսաստանը փաստացի պիտի պարզեին վերաբերմունքը Մաքսային միության հարցերում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` դեկտեմբերի 2-ին Հայաստան նախատեսված այցի մասին: Ըստ Մինասյանի` այս պահին ՌԴ նախագահի այցը բացի երկկողմ հարաբերությունների քննարկումից, նաև որոշ չափով հանդիսանում է սատարման մեսիջ Հայաստանին ՄՄ-ի գործընթացում: ”Մաքսային միությունը, հասկանալի է, որ Ռուսաստանի ցանկությունն էր և Ռուսաստանի գործողությունների շնորհիվ է, որ Հայաստանը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, որոշեց անդամակցել Մաքսային միությանը: Հասկանալի է նաև, որ Հայաստանի համար կարևոր է, որ այս այցը լինի Վիլնյուսից հետո, քանի որ չնայած Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, սակայն այդ եվրոպական ուղղությունը որպես այլընտրանք և որպես լրացուցիչ բաղադրիչ անպայման կշարունակվի Հայաստանի արտաքին քաղաքականության կոմպլիմենտարիզմի հիմքը մնալ”,-շեշտեց քաղաքագետը: Մինասյանը կարծում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ հարցեր, և որքանով ինքն է տեղյակ, այս հարցերը կքննարկվեն նաև հայ-ռուսական բիզնես ֆորումում:
Ղարաբաղ կոմկիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էլ է վստահ, որ Վլադիմիր Պուտինը գալիս է` ցույց տալու այստեղ իր ազդեցությունը: ”Հայաստանի համար պայքար է գնում տարբեր ուժային կենտրոնների միջև, Ռուսաստանն այդ համաշխարհային բաժանման մեջ իր ազդեցության տարածքն է համարում Հայաստանը, և նա անօրեն է գտնում մյուսների գործունեությունն այստեղ և սկզբունքորեն ճիշտ է գտնում: Այս կտրվածքով գալիս է վերահաստատելու իր իշխանությունն ու ազդեցությունը Հայաստանի վրա, իսկ Միացյալ նահանգներին ու Եվրոպային ասում է` ձեր համար ազդեցության այլ ոլորտներ գտեք ուրիշ տեղերում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը: