Պարզվել է հեռախոսահամարը, որից կատարվել է ԱԺ շենքում պայթուցիկի մասին ահազանգը.ՔԿ
ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ, ինչը սակայն չէր հաստատվել եւ շենքում պայթուցիկ չի հայտնաբերվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է այն հեռախոսահամարը, որից կատարվել է զանգը։ Ըստ նախնական տվյալների՝ հեռախոսահամարն օգտագործում է Երեւանի մի բնակչուհի, ով հարցաքննվել է։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված հեռախոսահամարի 2017թ. սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածի մուտքային եւ ելքային զանգերի վերծանումներն ստանալու համար, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: