Միջադեպ ԱԺ-ում. Սերժիկ, Լյովիկ…/լրացված/
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը: Քննարկման ժամանակ սակայն պատգամավորը հասցրին միմյանց վիարվորել:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին` ասաց` Լյովիկ: Նշենք, որ Զուրաբյանը խոսում էր այն դեպքերի մասին, երբ ցույցերի ժամանակ մարդիկ պաստառներով գոռում են` ”Սերժիկ հեռացիր”, և հարցնում էր, թե արդոք նման դեպքերը համարվելու են վիրավորանք:
Ի պատասխան Զուրաբյանը պահանջեց` ”Կարգին խոսա: Ես վիրավորանք չեմ հասցրել, քանի որ բոլոր փաստաթղթերով Սերժ Սարգսյանի անունը Սերժիկ է, նրան ծնողներն այդ անունով են կնքել: Սերժիկ Սարգսյան է պասպորտով”:
Ապա ՀԱԿ պատգամավորը պաշտոնապես տեղեկացրեց. ”Իմ անունը Լևոն Զուրաբյան է, վերջապես տեղեկացեք դրա մասին, իսկ ով անձնագրով այլ անուն ունի և վիրավորանք է ընդունում, դա իր խնդիրն է”:
Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց, թե ”որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել”՝ նկատի ունենալով Զուրաբյանի կողմից ”Սերժիկ, հեռացիր” արտահայտությունը:
”Ես կարծում եմ, եթե որևէ բառ ասում եք, նախ և առաջ պիտի մտածեք, քանզի պատասխանը կրկնապատիկով ստանալու եք”: Ապա Սահակյանը հավելեց. ”Վստահություն չեք ներշնչում, բերեք անձնագրի քսերոքսը՝ տեսնեմ”
Նիստը վարող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ փորձեց մեղմել լարված իրավիճակը՝ ասելով. ”Լյովիկն էլ փաղաքշական է…”:
Ապա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ընկերական դիմեց պատգամավորներին չափը չանցնել: