29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավարտվել է ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ Դավթյանը, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել: ՊՈԱԿ-ի ղեկավարն իր աշխատակիցներին անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու ապօրինի հանձնարարություններ է տվել, այնուհետև ստորագրել դրանք` այդպիսով ամբողջացնելով և հավաստելով կեղծ փաստաթղթերի կազմման  գործընթացը:

Այսպես, 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից իրականացված ստուգումների արդյունքում Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67.604.750 ՀՀ դրամի վնաս: Սակայն հայտնաբերված անտառխախտումների իրական քանակը և իր ղեկավարած կազմակերպության աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները քողարկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Աշոտ Դավթյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, վերջինս ՊՈԱԿ-ի Հաղարծինի տեղամասի պետ Ն. Ս.-ին հանձնարարել է հայտնաբերված ապօրինի հատված ծառերից 45-ի համար կազմել անտառխախտման կեղծ արձանագրություններ: Այդ նպատակով` հիշյալ տեղամասի 9 տեսուչներ  կազմել են համապատասխան արձանագրություններ, որոնցում մտցրել են իբրև անտառխախտում կատարած, սակայն իրականում դրա հետ առնչություն չունեցած, այդ թվում` մահացած անձանց տվյալներ: Այնուհետև ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանն անձամբ ստորագրել և կնիքել է հիշյալ պաշտոնական փաստաթղթերը` դրանք դնելով շրջանառության մեջ: Նշված փաստաթղթերի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմվել է համապատասխան ստուգման ակտ, որով Հաղարծինի տեղամասում արձանագրված ապօրինի հատված ծառերի թիվը պակասեցվել է 45-ով:

Աշոտ Դավթյանի` վերը նշված հանցավոր գործողությունների հետևանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամի չափով պակաս է հաշվարկվել բնությանը պատճառված վնասը, և ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Բացի այդ, խաթարվել է Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը, ինչպես նաև հեղինակազրկվել պետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Այսպիսով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Աշոտ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ