Ինչու Հայաստանը չի մասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:
«Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասել է նա՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչու են վրացական աղբյուրները նշել, թե Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններից:
Արտակ Զաքարյանը նշել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու պատճառով որեւ խնդիր չի լինի.
«ՆԱՏՕ-ն կա, եղել է եւ շարունակելու է մնալ մեր գործընկերը: Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, եւ մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է: Հայաստանը շատ երկար ժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, եւ այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը արտառոց չպետք է դիտարկել»,- ասել է նա։