Արցախի անկախությունն այլընտրանք չունի․ Է․ Շարմազանով
Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
Անկախությունից 26 տարի անց ինչ բացեր կան, որոնք այդպես էլ լուծում չեն ստացել, և այսօրվա
մեր առաջնային խնդիրը որն է լինելու:
Նախ ուզում եմ շնորհավորել Արցախի մեր հայրենակիցներին և ողջ հայությանը Արցախի Հանրապետության հռչակման տարեդարձի առթիվ: Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ սա ոչ միայն արցախահայության, այլև ողջ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է: Այս օրով, կարծում եմ՝ կոռեկտ չէ խոսել թերությունների մասին, որովհետև թերությունների մասին խոսում են կլոր տարին, իսկ այսօր պետք է մեկս մյուսին շնորհավորենք: Հիմնական ձեռքբերումը Արցախի փաստացի անկախ հանրապետությունն է իր ժողովրդավարական իշխանություններով, ընդդիմությամբ, քաղաքացիական հասարակությամբ և բնականաբար Արցախի ինքնապաշտպանական բանակով:Բնականաբար, ոչ միայն արցախահայության, այլև ողջ հայության համար կարևորագույն խնդիր է մնում անվտանգության հիմնահարցերը: Եթե կարճ ձևակերպենք, հայությունն արտաքին ճակատում ունի երկու կարևորագույն՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դե յուրե, որին ուշ թե շուտ հասնելու ենք, որովհետև այլ ճանապարհ չկա, և կարծում եմ՝ բոլորս էլ հպարտ ենք, որ հիմա գտնվում ենք Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիում և ռեալական գիմնազիայի տարածքում, որը եղել է ոչ միայն Արցախի, այլև Կովկասի գիտական, կրթական ու մշակութային կենտրոններից մեկը, իսկ երկրորդ խնդիրը Ցեղասպանության միջազգային ճանաչումն է:
Տեսակետ կա, որ Արցախի խնդիրը չի լուծվում, որովհետև երկու կողմն էլ պատրաստ չէ դրան:
Համամի՞տ եք այս տեսակետի հետ:
Մենք բազմիցս ասել ենք՝ խնդիրը չի լուծվում, որովհետև Ադրբեջանը ապակառուցողական է, խնդիրը չի լուծվում, որովհետև Ադրբեջանը մերժում է պայմանավորվածությունները, խնդիրը չի լուծվում, որովհետև Ադրբեջանը դեռևս չի գիտակցել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Կարևոր կետը սա է: Ինչպես քիչ առաջ հրապարակում ասացին՝ Սասունը երբեք չի հանձնվել, դա վերաձևակերպենք ու ասենք՝ Արցախը երբեք չի հանձնվել ու չի հանձնվելու: Արցախի ժողովուրդը, Արցախի քաղաքացին է իր ճակատագրի դարբինը և ուշ թե շուտ դա ընդունելու են բոլորը: Որքան շուտ դա հասկանան ադրբեջանցիները, այնքան լավ իրենց համար, նրանք պետք է գիտակցեն, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի և վերադարձ անցյալ անհնար է:
Հակամարտության կարգավորման այն տարբերակը, որի մասին բարձրաձայնեց Հոգլանդը, ապա հաստատեց Զախարովան, կարգավորման չի՞ բերում:
Ինձ համար ամենակարևոր տարբերակն այն է, որ այսօր մենք բոլորս ազատագրված Շուշիում տոնում ենք Արցախի անկախությունը: Սա ամենակարևոր տարբերակն է, և այս վիճակն ինձ շատ գոհացնում է: