117 ինքնասպանություն, 275 փորձ կանխվել է. ԱԻՆ փոխնախարարը մանրամասնում է
«ԱԻՆ-ն իր մասնագիտական տոնը դիմավորում է բավականին խոշոր մարտահրավերներ հաղթահարած»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը` նկատելով, որ վերջին 20 օրվա ընթացքում 3 խոշոր հրդեհաշիջում է իրականացվել՝ Արտավան համայնքում, «Խոսրովի անտառ» արգելոցում և «Նաիրիտ» գործարանում: Նախարարի տեղակալը ընդգծեց, որ նման մասշտաբի հրդեհներ ՀՀ-ում վաղուց չէին եղել:
«Գիտեք՝ ԱԻՆ-ը որպես նախարարություն, ստեղծվել է 2008 թվականին, այս 9 տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել մի համակարգ, որը հանրությանը մատուցում է բազմաթիվ ծառայություններ՝ փրկարար ծառայություններից, մինչև սեյսմիկ ռիսկերի գնահատում: 911 ծառայությունը տարեկան ընդունում է միլիոնավոր զանգեր, այս տարվա 7 ամիսների ընթացքում ստացել է 1 մլն 239 հազար 372 զանգ: Գրանցվել է 7751 արտակարգ դեպք»,- նշեց Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով` հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններ, ինչի արդյունքում 911 ծառայություն զանգերն ապակենտրոնացել է: Նրա խոսքով՝ Տավուշի մարզում ստեղծվել ու գործում է քաղպաշտպանության 10 հենակետեր, որոնք նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պաշտպանության և արտակարգ դեպքերի ժամանակ տուժածների հայտնաբերման ու առաջին օգնություն ցուցաբերելու համար:
«Մեր նոր ձեռքբերումներից կարելի է համարել, որ ԱԻՆ համակարգը տեխնիկապես վերազինվել է: Օրինակ՝ Ճապոնիայից 2010 թվականից ստացվել ենք 28 հրշեջ մեքենաներ, 2016 թվականին 6 մեքենա, որոնք շարժական կառավարման համար են նախատեսված: 2018 թվականին նախատեսվում է Ճապոնիայից ստանալ 39 հրշեջ մեքենա, որի արդյունքում թարմացվելու են Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզի հրշեջ փրկարարական տեխնիկան: Տեխնիկական առումով շատ կարևոր է հայ-ռուսական կենտրոնի ծրագրերը՝ 2017 թվականին նախատեսված է այս կենտրոնում ՌԴ-ից ստանալ 16 մլն դոլարի տեխնիկական վերազինում, արդեն ստացվել է առաջին խմբաքանակը: Մյուս խմբաքանակը կստացվի մինչև տարվա վերջ»,-ասաց ԱԻՆ պաշտոնյան:
Նախարարն ԱԻՆ ձեռքբերումներից է համարում հոգեբանական կենտրոնի ստեղծումը, որ աշխատանք է իրականացնում ոչ միայն դեպքի վայրում, այլև ԱԻՆ աշխատակիցների հետ: Նրա գնահատմամբ՝ այս հոգեբանական կենտրոնը կարևոր է հատկապես ինքնասպանությունների կանխարգելման տեսանկյունից:
«2017 թվականից հունվարից առ այսօր գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410 ահազանգ, որից 117 իրագործվել է, 275 –ի դեպքում հաջողվել է այն կանխել, իսկ 18-ի դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել»,- հայտնեց Դավիթ Կարապետյանը: