Իշխան Զաքարյանը նոր բացահայտումներ կանի՞

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը երկուշաբթի կհանդիպի Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Հարցին, թե բազմաթիվ քննադատություններից հետո ինչու նախագահ Սերժ Սարգսյանը կրկին որոշեց առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. ”Կապված ստուգումների հետ, յոթանասուն տոկոս, կպաշտոնավարի, թե ոչ, դա մամուլի մեկնաբանություններն էին, որ սա նրա վերջին պաշտոնավարումն է, որովհետև իշխանության հետ համահունչ չի գնում: Բայց մենք տեսնում ենք, որ որևէ խնդիր չկա, անկախ նրանից, թե պաշտոնյան իշխանության գովերգող գործողություններ է իրականացնում կամ խոսքեր է ասում, թե ոչ”:
Ինչ վերաբերում է նախագահի քննադատություններին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց. ”Երկրի նախագահը, որպես բարձրագույն մարմին, իրավունք ունի քննադատելու, իսկ ով է ասում, որ պաշտոնավարողին միայն պետք է գովաբանել, մենք քննադատում ենք, երբ կա որոշակի ոչ ճիշտ մեկնաբանումներ, աշխատանքը գնահատելով փորձում ենք գնալ առաջ”:
Նա շեշտեց, որ իրենք փորձում են այնպես անել, որ ավելի առողջ միջավայրում իրականացվի Վերահսկիչ պալատի գործունեությունը:
Հարցին, թե կողմ է քվեարկելու ՀՀԿ-ն Իշխան Զաքարյանին, Սահակյանը պատասխանեց. ”Կհանդիպենք ու որոշում կկայացնենք, բայց հարցի ենթատեքստը հասկանալով` պետք է ասեմ, որ մենք թիմ ենք, ու եթե մեր թիմի ղեկավարը երկրի նախագահն է ու առաջադրել է, ուրեմն կողմ ենք քվեարկելու”:
Մեկ այլ հարցի, թե չի կարծում, որ Սերժ Սարգսյանի քննադատություններն այնքան խիստ էին, որ Իշխան Զաքարյանն այլևս նման բացահայտմամբ հանդես չի գա, ՀՀԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց. ”Իհարկե, չեմ կարծում, նաև տեղի է ունեցել առողջ քննարկում, ես այդ տեսակետին չեմ, անկեղծ”: