«Ասաց` կամ գրում ես, կամ էլ չես գրում գնա…. ու հայհոյանք». նոր մանրամասներ «Զինված խմբի» գործից
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով այսօր հարցաքննվեց քրեական գործի անջատված մասով մեղադրյալ Կարեն Խաչատրյանը:
Խայատրյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, բայց համաձայնեց պատասխանել միայն հարցերին: Նա նշեց, որ ամբաստանյալներից Ապարի` Էդվարդ Ներսիսյանի մարտական ընկերն է եւ Նորք-Մարաշում գտնվող վարձակալած տուն է գնացել նրա հետ:
«Ես շաքարով հիվանդ եմ, այդ օրը դեղս չարաշահել էի, հաց էր պետք ուտել, բայց գումար չկար մոտս: Զանգահարեցի Ներսիսյան Ապարին, ասաց` Ազատության հրապարակում է: Գնացի, ասացի, որ վատ եմ զգում, մոտդ գումար ունե ՞ս, գրպանից երկու հարյուր դրամ հանեց, ասացի, լավ քեզ թող մնա: Էդվարդը նշեց, որ զոհված ազատամարտիկի երեխաները` որպես ազատամարտիկի, իրեն հաց ուտելու են հրավիրել, ինձ էլ հրավիրեց գնացինք: Մեքենայով Նորքի տուն ենք բարձրացրել, ոչ մեկի չէի ճանաչում այնտեղ»,-ասաց նա:
Նա նշեց, որ Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է այդ տանը, նրա խոսքով, Արթուր Վարդանյանն իրենից հետաքրքրվել է, թե նա որտեղ է կռվել, որից հետո էլ պատմել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Կարեն Խաչատրյանի խոսքով տեղեկություններ չունի զինված խմբի, հանցավոր համագործակցության եւ Հայաստանում հեղափոխություն նախապատրաստելու մասին: «Բանտախցում եմ տեղեկացել այդ մասին, տղերքը խցում խնդում էին իմ վրա, թե ինչ մասնակից ես, որ այդ մասին հեռուստացույցով ես տեղեկանում»:
Այնուհետեւ հարցաքննվեց անջատված մասով մեղադրյալ, ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ինքը եւս Ապարի ընկերն է, ոչ մի կապ չունի զինված խմբի հետ. «Հազար տարվա ընկերս է, ինքն ինձնից պահելու բան չունի: Եթե երկուսով հանցավոր խմբի մեջ լինեինք` կարայի՞նք չիմանայինք: Հարգելիս, ասում եմ քննիչին, իբր պետք է խոցեինք ինքնաթիռը, ինչո՞վ պետք է խոցեինք, ասում է` նռնականետից, ասում եմ, բայց գործով Մուխայով պետք է խփեինք, ասում եմ սիրելիս, դա միայն 250 մետր է խփում, ո՞նց պետք է խփեինք»:
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Աղասի Մարտիրոսյանը նշեց, որ դրանք գրել է սպառնալիքների ազդեցության տակ. «Կարամ կոնկրետ ասեմ էլ, թե ով է սպառնացել, ԱԱԾ փոխտնօրեն…անունը չեմ հիշում: Ասաց` կամ գրում ես, կամ էլ չես գրում գնա…. ու հայհոյանք»:
Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքը: Դատարանն այն բավարարեց:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: