Ներդրված ջանքերը վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ,
ջերմորեն և լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ սեպտեմբերյան այս հիասքանչ տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Օրն այս, հիրավի, տոն է ամենքիս համար, քանզի իր խորհրդով այն մեր նոր Հայաստանը կերտող սերնդի լինելիության ապացույցն է, գիտելիքի վերարժևորման առիթ:
Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգի մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը տոնական ու ոգևորիչ է մանուկների, պատանիների և երիտասարդների, մանավանդ առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների համար: Տոնական տրամադրությունը ողջ տարվա և ուսումնառության ողջ ընթացքում պահելու ցանկությամբ՝ մենք էլ մեր հերթին շարունակելու ենք մեր ծրագրերի իրականացումը:
Մեր երկրի զարգացումն արձանագրելու հիմնական գրավականը որակյալ կրթությունն է, ուր ներդրված ջանքերը վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են: Ուստի լիահույս եմ, որ մեր աշակերտների ուսումնառության առաջիկա տարիները կդառնան իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր, կրթված ու պատասխանատու քաղաքացիներ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: