Ողորմիր մեզ, որ դեռ չգիտենք, թե` առանց Քեզ ոչինչ անել չենք կարող
Խոսենք Աստծու հետ մեր գործերի մասին:
Տեր Աստված, աղաչում ենք մեծապես ներիր մեզ, որ արդարություն ենք փնտրում առանց Քեզ, ճշմարտություն ենք փնտրում առանց քեզ, հաշվեհարդար ենք տեսնում առանց քեզ, հաղթանակ ենք գոռում առանց Քեզ: Ներիր մեզ, որ երբեմն վիրավորում և մերժում ենք Քո ուղարկած օգնության ձեռքը: Ողորմիր մեզ, որ դեռ չգիտենք, թե` առանց Քեզ ոչինչ անել չենք կարող: Օգնիր մեզ Տեր Աստված, ներիր մեզ, մինչև ճանաչենք Քեզ:
Իսկ նրանք, որոնք կարծում են, թե մեկ տունը բավական չէ, կամ մեկ ագարակը քիչ է, կամ թուլություն ունեն անշարժ գույքի նկատմամբ, թող Եսայի Մարգարեի այս հատվածը կարդան, հետո առնեն…մչլինի թե հարուցեն Աստծո բարկությունը:
«Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրա մենակ դուք եք ապրելու։ Ահաւասիկ այդ ամենը հասաւ Զորությունների Տիրոջ ականջին»։ Եսայի 5:8
Եթե մարդը բարիք է գործում, թող Աստված սատար լինի նրա բարի գործին, իսկ եթե չար մտադրություն ունի, թող դարձյալ Աստված Իր հայրական միջամտությամբ փոխի նրա մտադրությունը չարից դեպի բարի գործեր: Մենք ամեն օրվա վերջին վայելում ենք մեր արած գործերի և մեր հավատքի պտուղը: Եթե այն դառն է, պետք չէ զարմանալ, որովհետև ինչպես Հոբի գրքում է գրված, թե մեր տառապանքը հողից չի ելնում, ոչ էլ մեր ցավերը լեռներից են բուսնում: Նրանց մենք ենք խնամքով հավաքում մեր ուսերին դեռ երիտասարդ տարիներից, իսկ հասակ առնելուց հետո այդ բեռը ծանր է դառնում մեզ համար: Հետևաբար պատշաճ է Ժողովողի այն խոսքը, թե…
«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել դառնության օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլեւս հաճույք չեմ զգում»: Ուստի խնդրենք անվերջ, որ լսի մեզ Տերը Իր այդ մեծ կարողությամբ ու համբերությամբ:
Ողորմությամբ եւ գթությամբ Քով լո՛ւր մեզ, Տէ՛ր, եւ ողորմեա՛: Ներեա՛, քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ծովիկ Դավթյան