«Բայց երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի»
««Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Դիտարկմանը, թե այդ թվերը նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ էլ էին հրապարակվում, Կարայանն արձագանքեց. «Բայց երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա խոսում է այն մասին, որ տնտեսությունը զարգացել է»:
Ըստ նրա՝ բնականաբար քաղաքացին իր մաշկի վրա դա զգում է, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության մեծ աճ ունենք, հատկապես վերամշակող արդյունաբերության մասով առաջին 7 ամիսներին երկնիշ աճ կա, եւ կուտակային աճը կազմում է 12.7 տոկոս, որը բավականաչափ լուրջ աճ է:
Անդրադառնալով դեսպանների աշխատանքում տնտեսական բաղադրիչը ուժեղացնելու վարչապետի նախկին հանձնարարականներին, նա ասաց, որ այդ առումով առաջընթաց կա:
«Մենք դեսպանների հետ շատ սերտ համագործակցում ենք և կախված այդ երկրի և Հայաստանի հետ ունեցած տնտեսական համագործակցությունից՝ ներկայացրել ենք համապատասխան նյութերը, մշակում ենք ծրագրեր: Մենք դեսպանների հետ հիմա աշխատանք ենք կատարում, որ տվյալ երկրի հնարավոր մեր գործընկերներին գտնենք և իրենց ներկայացնենք այն ծրագրերը, որոնք պոտենցիալ հետաքրքիր կլինեն»,-ասաց նա: