Որպեսզի միջոցներն առավել նպատակային ծախսվեն.նախարարը խորհրդակցություն է հրավիրել
_1383747162.jpg)
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին համակարգում ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելու, ինչպես նաև ոլորտում առկա բացթողումների և անառողջ երևույթների դեմ պայքարի հարցերը։
«Համակարգում շատ անցանկալի երևույթ է նկատվում։ Պետության կողմից անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին մերժում են բժշկական օգնություն ցույց տալ` պատճառաբանելով, թե միջոցները սպառվել են։ Հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր նման դեպք առանձնահատուկ քննարկման առակա կդառնա և մեղավորները խստությամբ կպատժվեն, քանի որ միջոցները նախատեսված են ողջ տարվա համար»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Նախարարը միաժամանակ խստությամբ պահանջեց բուժհաստատություններում հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր հիվանդների նկատմամբ` հայտնելով, որ ստացված դժգոհությունների դեպքում կպատժվեն հիվանդանոցների տնօրենները։
«Գաղտնիք չէ, որ առողջապահության համակարգի բյուջեն ավելի փոքր է, քան կպահանջվեր նախանշված բոլոր ծրագրերը լիովին և ցանկալի մակարդակով իրականացնելու համար։ Այս պարագայում չափազանց կարևորվում է եղած ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ և խիստ նպատակային օգտագործելը։ Դեռևս մտահոգիչ է բժշկական օգնության որակը։ Դրա համար մենք պետք է խոր վերլուծություններ կատարենք և հստակեցնենք, թե հատկապես որտեղ են միջոցներն անարդյունավետ իրացվում, որտեղ կան դրանք տնտեսելու իրական հնարավորություններ։ Միաժամանակ պետք է ուժեղացնենք վերահսկողությունը պետական ծրագրերի իրականացման որակի նկատմամբ»,-ասաց նախարարը։
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջնային օղակում, շրջանցելով տնային այցելությունները, հաճախ հիվանդ երեխային միանգամից ուղղորդում են հիվանդանոց։ Իսկ դա ֆինանսական գերածախսերի պատճառ է դառնում։
Նախարար Դումանյանը կարևորեց նաև արդյունավետ կառավարման, պետական ծրագրերի` առաջին հերթին ծննդօգնության և երեխաների հիվանդանոցային պատշաճ մակարդակի բուժօգնության կազմակերպման, ֆինանսների ծախսման թափանցիկության ապահովման ու այլ հարցեր։
Պետական առողջապահական գործակալության պետին հանձնարարվեց առաջարկներ ներկայացնել բուժանձնակազմերի տարբեր կատեգորիաների վարձատրության չափորոշիչների վերանայման վերաբերյալ` նպատակ ունենալով հասնել աշխատանքի առավել հավասարաչափ բաշխման և սոցիալական արդարության ապահովման։
Գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով հանձնարարվեց խոշոր բժշկական կենտրոններում նախատեսել հասարակայնության հետ կապերի պատասխանատուների հաստիքներ։ Միաժամանակ պահանջվեց մեխանիզմներ մշակել, որպեսզի բժշկական կենտրոններում հիվանդների ամենօրյա շարժը երևա տվյալ հաստատության կայքում։
Նախարարության ստորաբաժանումների և առանձին ծառայությունների ղեկավարներին Դերենիկ Դումանյանը հանձնարարեց վերլուծությունների հիման վրա, ըստ առանձին ոլորտների ֆինանսական միջոցների արդյունավետ և թափանցիկ ծախսման, վերահսկման գործող մեխանիզմների ներդրման ծրագրեր մշակել։ Հետագայում դրանք կամբողջացվեն` դառնալով մեկ միասնական ծրագիր։