Ռուսաստանը վարկ կտրամադրի Հայաստանի ատոմակայանին
Ըստ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանի, Հայաստանի ատոմակայանը տարիների ընթացքում վերազինվել է եւ համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր չափորոշիչներին:
“Պետք է ասեմ, որ մենք կանգ չենք առնելու եւ հետագայում եւս աշխատանքներ են տարվելու ատոմակայանի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար”,- ասաց նա:
Նախագահին կից խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գերմանացի Ադոլֆ Բիրկհոֆերն էլ առանձնացրեց այն փաստը, որ Հայկական ատոմակայանը ինտեգրվել է աշխարհի միջուկային օբյեկտների ցանցին: Նա ատոմային էներգետիկայի ոլորտում կարեւորեց Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը.
“Հայկական ատոմակայանի նման ատոմակայանների կյանքը երկարաձգվել է Ռուսաստանում, Ֆինլանդիայում գոյություն ունեցող նմանատիպ ատոմակայաններում: Այսինքն կա նմանատիպ փորձ”,- ասաց Ադոլֆ Բիրկհոֆերն:
Ի դեպ, Վահրամ Պետրոսյանն էլ լրագրողներին ասաց, որ նախնական պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը տրմադրելու է վարկ` հայկական ատոմակայանը վերազինելու համար: Գումարի չափը դեռ պարզ չէ, քանի որ քննարկումները շարունակվում են: