Ինչպես ստեղծվեց «Բազեն», և ինչ է այն խորհրդանշում
Օգոստոսի 22-ի երեկոյան «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել էին հավաքի կազմավորման ակունքներում կանգնած մարդկանց և առաջին սերնդի բազեականների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, «Շարմ» ընկերության տնօրեն, հավաքի հիմնադիրներից Կարեն Ղազարյան, 2002-2008թթ. «Բազե» հավաքի լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյան, 2002-2008թթ. հավաքի մարզական ղեկավար Գագիկ Սարգսյան, 2006-2008թթ. «Բազեի» տնօրեն Արթուր Սողոմոնյան, 2010-2011թթ. հավաքի տնօրեն Սամվել Մերթարջյան, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյան, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյան, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյան։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հավաքի 15-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր և բազեի խորհրդանշական արձանիկներ հանձնեց հյուրերին։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ում ջանքերի շնորհիվ կյանք է առել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ «Այս նախագծի հիմնադիրները ժամանակին հավանաբար չէին պատկերացնի, որ հավաքը 15 տարվա պատմություն կունենա և կդառնա Հայաստանում ամենասիրված ու սպասված երիտասարդական ճամբարներից մեկը»,- ասաց Կարեն Ավագյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր կյանքում «Բազեն» ունեցել է շատ մեծ նշանակություն։ Ըստ նրա՝ «Բազե» մեր անկախ Հայաստանի ամենակաևոր և սպասված նախաձեռնություններից է, որտեղ մենք ապացուցում ենք, որ մրցակցությունն առաջընթացի շարժիչ ուժն է։
Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը գնահատանքի խոսք ասաց հավաքի այսօրվա կազմակերպիչներին, որոնք շարունակում են ավանդույթները։
«Շարմ հոլդինգի» ղեկավար Կարեն Ղազարյանը նկատեց, որ հետպատերազմյա Հայաստանում դժվար էր ինչ-որ բան անել, և ուսանողները, երիտասարդներն իրենց լավագույն տարիները կարող էին կորցնել այլ բաների վրա։ Եվ այդ բացը լրացնելու համար որոշվեց ստեղծել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ նստածներին, նաև նրանց, ովքեր այս պահին այստեղ չեն։ Բոլորիս ջանքերով «Բազեն» 15 տարի գոյություն ունի»,- ասաց Կարեն Ղազարյանը՝ նաև ավելացնելով, որ հավաքի անունը որոշելիս հաշվի են առել այն հանգամանքը, որ բազեն այն թռչունն է, որ երբևէ իր բույնը չի մոռանում ու չի լքում, որտեղ էլ լինի, վերադառնում է իր բույնը։ Նա կոչ արեց երիտասարդնեին միասին շենացնել մեր երկիրը։
Հանդիպումն ավարտվեց հին ու նոր սերունդների բազեականների անմիջական զրույցով, հարցուպատասխանով և շուրջպարով։