Տիկին Փոստանջյանի հայտարարությունները լսելուց հետո դժվար է համագործակցության առաջարկներ անել
«Ելք»-ը իր գործունեության ընթացքում իրականացնում է այն ծրագրային կետերը, որոնք առաջ է քաշել, մինչդեռ ամբողջությամբ ծրագրերը կյանքի կոչելու համար «Ելք»-ը չունի անհրաժեշտ լծակներ, քանի որ իշխանության գլխում չէ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
«Մեր համառ ջանքերի շնորհիվ կարողացանք հասնել նրան, որ կարմիր գծերի համար ուղարկվող հաղորդագրությունները չթանկանան, մեր պայքարից հետո ոչ թե 49 դրամով, այլ ընդամնեը 2 դրամով թանկացվեց, որը միջնորդավճար է»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ պնդումները, թե «Ելք»-ը փոքր խմբակցություն է եւ չի կարող ազդել մեծամասնության՝ Երեւանի ավագանու «Հանրապետական» կուսակցության որոշումների վրա, այնքան էլ ճիշտ չեն. «Փոքր խմբակցությունը քիչ լծակներ ունի, սակայն, եթե առաջարկները փաստարկված են եւ հանրության շրջանում ակտիվ աջակցություն են ստանում, ապա ստացվում են»: Վերջինս նաև ընդգծեց, որ Վերնիսաժում մուղամը վերացնելու խմբակցության կողմից արված առաջարկը հասարակության որոշ խմբերի կողմից լավ չընդունվեց, մի մասն էլ այն դիտարկեց որպես սահմանափակում, մինչդեռ Հարությունյանի պնդմամբ՝ Վերնիսաժը քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող տարածք է, որը միջավայր է ձևավորում, ստեղծում կապ զբոսաշրջիկների հետ, ուստի այդ պահանջը բնական է:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության հետ համագործակցությունը գնալով փոքրանում է՝ նշելով, որ խմբակցության անդմաները ոչ ադեկվատ հայտարարություններ են անում իրենց հասցեին. «Ընտրությունների ավարտից հետո մեր խմբակցության անդամները համագործակցության հնարավորությունն արդյունավետ է համարել, սակայն, մեր գործընկերները ոչ ադեկվատ պահվածք են դրսեւորում եւ բարդացնում են համագործակցության հնարավորությունները: Տիկին Փոստանջյանի հայտարարությունները լսելուց հետո դժվար է համագործակցության առաջարկներ անել»: