Այսօր կործանվում է վերջին պահպանված արտադրական հսկան՝ Վանաձորի «Քիմպրոմը»

Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ո՞ւմ է պատկանում իրականում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական սեփականատիրոջը։
Դրա վառ ապացույցն է ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքում կոմբինատի սեփականատերերի մասին ինֆորմացիայի բացակայությունը։
ՀՀ պետական ռեգիստրի կայքում առաջարկվում է կատարել վճարում՝ կազմակերպությունների սեփականատերերին վերաբերվող ինֆորմացիա ստանալու համար, սակայն վճարումը կատարելուց հետո համակարգը տալիս է Access Denied ազդանշանը»,-նշել է նա։
Մարուքյանի խոսքով, իրականում կատարվում է ստրատեգական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։ Նա ընգծել է՝ պետական մարմինները պետք է անհապաղ իրականցնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում և կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում վերջիններիս արտացոլման համապատասխանության ստուգում: